Մատչելի հղումներ

Իրանն ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին կոչ է անում ընդունել Թուրքիայի հետ իր կնքած գործարքը


ԱՄՆ-ը պնդում է, թե ուրանի փոխանակման հարցով այս գործարքն ունի ՝՝մի շարք թերություններ՛՛ եւ չեն մեղմում միջազգային համայնքի անհանգստությունները

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կոչ է անում ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին ընդունել միջուկային վառելանյութը Թուրքիայի հետ փոխանակելու հարցում ձեռք բերված գործարքը՝ նախազգուշացնելով, որ այն միջուկային հարցով առաջ եկած ճգնաժամը հարթելու վերջին հնարավորությունն է։

Հեռուստատեսային իր ելույթի ժամանակ Ահմադինեջադն ասել է, թե ՝՝սա մի պատմական հնարավորություն է՛՛ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի համար։

ԱՄՆ-ի կառավարությունը մերժել է Իրանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնությունը, ըստ որի Իրանը ցածր հարստացված իր ուրանը պիտի առաքի Թուրքիա, դրա փոխարեն այնտեղից ներկրելով ավելի բարձր հարստացված ուրան։

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընն այս գործարքն անվանել է Իրանի կողմից ՝՝թափանցիկ մի դավադրություն, որի նպատակը ՄԱԿ-ի պատժամիջոցներից խույս տալն է՛՛։

Քլինթընն ասել է նաեւ, թե Իրանի այս գործարքն ունի ՝՝մի շարք թերություններ՛՛, որոնք թույլ չեն տալիս, որ այն փարատի միջազգային համայնքի անհանգստությունները։

Ահմադինեջադը քննադատել է նաեւ Ռուսաստանին, ասելով, թե ԱՄՆ-ի ճնշումներին ենթարկվելով, Մոսկվան սկսել է պաշտպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր պատժամիջոցները։

Իրանը երկուշաբթի օրը մի նամակ է հղել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությանը՝ մանրամասն նկարագրելով Թուրքիայի հետ կնքված համաձայնագիրը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն ասել է, թե գործարքը քննարկման կենթարկվի շահագրգիռ բոլոր կողմերում, եւ եթե ընդունվի, ՝՝այն կդառնա փոխվստահության կառուցման կարեւոր քայլ՛՛։

XS
SM
MD
LG