Մատչելի հղումներ

Թուրքիայի և Իրանի միջև բացվել է սահմանային երրորդ անցակետը


Թուրքիայի և Իրանի միջև բացվել է սահմանային երրորդ՝ «Քափիքոյ-Ռազի» անցակետը, որը երկու պետությունների արտգործնախարարները «բարեկամության և տարածաշրջանում համագործակցության բարելավման» խորհրդանիշ են անվանել։

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ասել է, թե վարչապետ Էրդողանն Իրանի հետ առևտրի ծավալը 30 միլիարդ դոլարի հասցնելու առաջադրանք է ներկայացրել, այդ իսկ պատճառով է բացվել սահմանային այս անցումը՝ հավելելով, թե դրանով հայտարարվում է աշխարհին, որ Թուրքիայի և Իրանի միջև հավիտենական բարեկամություն է հաստատվել։

Իրանի արտգործնախարարն իր հերթին նշել է, որ սահմանային անցակետը խաղաղության և բարեկամության խորհրդանիշ է, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսության բարգավաճմանը նպաստող «Մետաքսյա ճանապարհի վերականգնում: Նրա խոսքերով, անցակետի բացումը նպաստելու է նաև երկու պետությունների սահմանամերձ շրջանների զարգացմանը և բնակչության բարգավաճմանը։

Իրանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացումը տեղի է ունեցել այս պետությունների և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպման անցկացման ընթացքում։

Իրանի «Press TV» հեռուստակայանի փոխանցմամբ, արտգործնախարար Ալի-Աքբար Սալեհին, Իրանի Ուրմիա քաղաքում շաբաթ օրն անցկացված երեք պետությունների արտգործնախարարների առաջին հանդիպման բացման ընթացքում ասել է, թե «Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցությունը բխում է ոչ միայն այս երեք պետությունների, այլև ամբողջ տարածաշրջանի շահերից»։

Նա նշել է նաև, որ բոլոր երեք պետությունները պետք է լուծեն առկա տարածաշրջանային վեճերը խաղաղ և արդար միջոցներով, և հույս է հայտնել, որ տարածաշրջանում հարաբերությունների բարելավումն ու տնտեսական համագործակցության ընդլայնումը կնպաստեն խաղաղության և կայունության հաստատմանն ու երաշխավորմանը։

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ու Թուրքիայի նրա գործընկեր Ահմեթ Դավութօղլուն ասել են, որ եռակողմ հանդիպումը նպաստելու է երեք պետությունների միջև հարաբերությունների բարելավմանը։

XS
SM
MD
LG