Մատչելի հղումներ

Իրանը հայտնել է ամերիկյան անօդաչու օդանավ «գերի վերցնելու» մասին


ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի խոսնակի համաձայն, Մերձավոր Արևելքում օգտագործվող անօդաչու օդանավերի շարքում կորուստներ չեն եղել

Իրանի մամուլը հաղորդագրություններ է տարածել, որոնց համաձայն երկրի Հեղափոխական պահակազորին հաջողվել է «գերի վերցնել» թռիչք իրականացնող «ScanEagle» տեսակի ամերիկյան անօդաչու մի օդանավ:

Հաղորդագրությունների համաձայն, անօդաչու օդանավը Իրանի օդային տարածք է մուտք գործել Պարսից ծոցի հատվածներից մեկի վրա հետախուզական թռիչք իրականցնելիս:

Ամերիկյան անօդաչու օդանավ գերելու մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի խոսնակն ի պատասխան հայտնել է, թե Մերձավոր Արևելքում օգտագործվող անօդաչու օդանավերի շարքում կորուստներ չկան:

Իրանի իշխանություններն անցյալ ամսվա սկզբին հաստատել էին Պարսից ծոցում ԱՄՆ-ի անօդաչու օդանավերից մեկի ուղղությամբ հարձակում իրականացնելու մասին լուրերը: Երկրի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին ասել էր, թե Իրանի զինված ուժերը գործողություններ էին ձեռնարկել երկրի օդային տարածք մուտք գործած անօդաչու անանուն օդանավի ուղղությամբ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը սակայն հայտնել էր, որ «Պրեդատոր» տեսակի անօդաչու օդանավն իրականացրել է կանոնավոր գաղտնի հերթապահություն և մուտք չի գործել Իրանի օդային տարածք, օդանավը հարձակման արդյունքում վնասվածքներ չի կրել և կարողացել է անվտանգ վերադառնալ ռազմակայան:

Պենտագոնի համաձայն, Միացյալ Նահանգները տեղեկացրել էր Իրանին Պարսից ծոցում հետախուզական գործողությունները շարունակելու մտադրության մասին, ինչը համապատասխանում է արդեն երկար ժամանակ գործող քաղաքականությանը, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման ԱՄՆ-ի հանձնառությանը:
XS
SM
MD
LG