Մատչելի հղումներ

Ավելացել է Իրանում երկրաշարժի զոհերի թիվը


Իրանին ցավակցություն է հայտնել և մարդասիրական օգնություն ցուցաբերելու առաջարկությամբ է հանդես եկել նաև Միացյալ Նահանգները

Իրանում ավելացել է շաբաթ օրը տեղի ունեցած երկու երկրաշարժերի զոհերի թիվը:

Երկրի առողջապահության նախարար Մարզիեհ Վահիդ Դասթջերդին երկուշաբթի օրը հայտնել է երկրի խորհրդարանի նիստին, որ փրկարարական ծառայությունների կողմից իրականացված որոնողական աշխատանքներից հետո զոհվածների թիվը հասել է 306-ի, իսկ վնասվածքներ ստացածների թիվը կազմում է ավելի քան երեք հազար մարդ:

Երկրաշարժի հետևանքով անօթևան է մնացել ավելի քան 16 հազար մարդ։

Իրանում շաբաթ օրը տեղի է ունեցել 6,4 և 6,3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ, որի հետևանքով լիովին ոչնչացել կամ մեծ վնասներ է կրել Թավրիզ քաղաքի մոտակայքում գտնվող մի քանի գյուղ: Թավրիզ քաղաքում մեծ ավերածություններ սակայն չեն գրանցվել։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի գրասենյակը երկուշաբթի օրը ցավակցական ուղերձ է հղել, որտեղ նաև առաջարկել է Իրանին ցուցաբերել մարդասիրական օգնություն:

Տեղի ունեցածի կապակցությամբ Իրանին ցավակցություն է հայտնել և մարդասիրական օգնություն ցուցաբերելու առաջարկությամբ է կիրակի օրը հանդես եկել նաև Միացյալ Նահանգները: ԱՄՆ-ի Սպիտակ տան հաղորդագրությունում նշվել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է «այս դժվարին պահին օգնություն ուաբերել Իրանի ժողովրդին»: Սակայն հաղորդագրությունում Իրանի կառավարությունը հիշատակված չի եղել:

Հիշեցնենք, որ Իրանի Բամ քաղաքում 2003 թվականին տեղի էր ունեցել 6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել էր 30 հազար մարդ։

XS
SM
MD
LG