Մատչելի հղումներ

Ընտրապայքարն Իրանում մոտենում է ավարտի


Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին հորդորել է երկրի բնակիչներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել ընտրություններում

Իրանում նախագահական ընտրությունների ընտրապայքարում մնացած նախագահի վեց թեկնածուն ընտրապայքարի վերջին օրն անց են կացնում՝ փորձելով ձեռք բերել ընտրողների ավելի մեծ թվի աջակցությունը:

Նախընտրական արշավը երկրում ավարտվում է չորեքշաբթի օրը, թույլ տալով իրանցիներին մեկ օր խորհել և ուրբաթ օրը կատարել իրենց ընտրությունը երկրում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ:

Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին հորդորել է երկրի բնակիչներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել ընտրություններում:

Խամենեին հեռուստատեսային իր ուղերձում չորեքշաբթի օրն ասել է, թե «Իրանի ժողովրդի ակտիվ մասնակցությունը կհիասթափեցնի թշնամուն, կստիպի նրան թուլացնել ճնշումը և այլ ուղի ընտրել»:

Նախընտրական պայքարի ընթացքում, բազում կարծիքների համաձայն, առաջատար դիրքեր է զբաղեցնում միջուկային հարցերով Իրանի գլխավոր բանագնաց Սայեդ Ջալիլին: Վերջին օրերին սակայն ամրապնդվել են նաև միջուկային նախկին բանագնաց և ընտրապայքարում որպես չափավոր թեկնածու մասնակցող Հասան Ռովհանիի դիրքերը:

Իրանում նախագահական ընտրապայքարին մասնակցող, բարեփոխումների ջատագով միակ թեկնածու Մոհամադ Ռեզա Արեֆը նախօրեին դուրս է եկել ընտրապայքարից, որից հետո վերջինս, Իրանի նախկին նախագահ և բարեփոխումների ջատագով Մոհամադ Խաթեմիի հետ միասին, հանդես են եկել Ռովհանիի թեկնածությունը սատարելու մասին հայտարարությամբ:

Ընտրություններում հաղթանակ տարած թեկնածուի առջև կկանգնեն բարձր գործազրկության և սղաճի դեմ պայքարող տնտեսության խնդիրները, որոնց լուծումն ավելի է դժվարանում Իրանի միջուկային ծրագրի հետևանքով երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով: Վերլուծաբանները սակայն նշում են, որ Իրանի կողմից միջազգային հանրության նկատմամբ զբաղեցված դիրքում փոփոխությունները քիչ են հավանական. չնայած նախագահի որոշ թեկնածուներ հայտնել են միջազգային հանրության հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտության մասին, սակայն երկրի քաղաքականության վերաբերյալ վերջնական որոշումներն ընդունում է Իրանի գերագույն ղեկավարը:

Իրանում նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու համար թեկնածուն պետք է հավաքի ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Ընտրությունների առաջին փուլում որևէ թեկնածուների կողմից հստակ հաղթանակ չտանելու դեպքում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ:
XS
SM
MD
LG