Մատչելի հղումներ

Իրանի նորընտիր նախագահը «նոր դարաշրջան» է խոստանում


Ռոհանին խոստացել է վարել չափավոր քաղաքականություն

Իրանի նորընտիր նախագահը խոստացել է վարել չափավոր քաղաքականություն՝ նշելով, որ իր հաղթանակն ազդանշանել է «նոր դարաշրջան Իրանի ժողովրդի համար»:

Այս հայտարարությամբ չափավոր հոգևորական Հասան Ռոհանին հանդես է եկել երկուշաբթի օրը հեռարձակված իր առաջին հեռուստատեսային հարցազրույցում:

Ռոհանին ասել է, թե հետևելու է «չափավորության և արդարության, այլ ոչ թե ծայրահեղության ուղուն»: Նա խոստացել է նաև վերականգնել կառուցողական շփումը մնացած աշխարհի հետ և բարելավել Իրանի տնտեսությունը:

Պատասխանելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հարցին, Ռոհանին ասել է, թե այս հարցը բարդ է և նման է «բուժման կարիք ունեցող հին վերքի»:

Հարցազրույցի ընթացքում Ռոհանին նշել է, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված փակուղուց հնարավոր է դուրս գալ թափանցիկության և փոխադարձ հարգանքի միջոցով:

Ռոհանիի «Twitter» սոցիալական ցանցում տեղադրվել է հաղորդագրություն, որտեղ Իրանի նորընտիր նախագահն գրել է, թե Իրանը «կարող է ավելի շատ քայլեր ձեռնարկել՝ պարզ դարձնելու համար աշխարհին, որ մեր միջուկային ծրագիրը համապատասխանում է միջազգային կանոնակարգերին»:

ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը երկուշաբթի օրն ասել է, որ պատրաստ է աշխատել Իրանի նորընտիր նախագահի հետ՝ դիվանագիտական լուծումներ գտնելու ուղղությամբ:

Հարցազրույցի ընթացքում, պատասխանելով Սիրիային վերաբերող հարցին, Ռոհանին զգուշացրել է օտարերկրյա միջամտության անթույլատրելիության մասին՝ նշելով, որ Սիրիայում շարունակվող ճգնաժամին լուծում պետք է տա այս երկրի ժողովուրդը:
XS
SM
MD
LG