Իրանի պետական լրատվամիջոցները ժխտում են այն հաղորդագրությունները, որոնց համաձայն նախագահ Մահմուդ Ահմադինեջադը նռնակով հարձակման թիրախ էր:
Ըստ պահպանողական khabaronline.ir կայքէջի, նախագահ Ահմադինեջադը երկրի արևմուտքում գտնվող Համեդան քաղաքում տեղի ունեցած պայթյունից չի տուժել: «Ռոյթերս» և «Ալ-Արաբիա» գործակալությունները նույնպես գնահատել են այս միջադեպը որպես Իրանի առաջնորդի վրա կատարված հարձակում, որի մասին տեղեկատվության աղբյուր է հանդիսացել նախագահ Ահմադինեջադի գրասենյակը:
Սակայն պետական «Փրես Թի Վի» գործակալությունը հայտնել է, որ որևէ հարձակում տեղի չի ունեցել:
Իրանի «Ֆարս» նորությունների գործակալության համաձայն, նախագահ Ահմադինեջադին Համեդան քաղաքում ողջունելու համար հրավառելիք է արձակվել, ինչի կապակցությամբ ձերբակալվել է մեկ մարդ:
Ըստ պետական լրատվամիջոցների, Համեդան քաղաք ճանապարհորդությունը նախագահ Ահմադինեջադի կողմից այդ տարածաշրջան կատարած երրորդ այցելությունն է, որը նպատակ ունի մեկնարկել «տեղի բնակչության կարիքները» բավարարող նախագծեր: