Ղրղըզստանի պաշտոնանկ արված նախագահ Քուրմանբեկ Բաքիևի կողմնակիցները հարձակվել են երկրի հարավի տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի և օդանավակայանների վրա:
Մայիսի 13-ին ապստամբները գրավել են Ղրղըզստանի հարավային Ջալալաբադ և Բատկեն քաղաքների վարչական շենքերը, ինչպես նաև Օշ քաղաքի օդանավակայանը:
Մինչ այս արդեն իսկ առկա էր տեղեկատվություն այն մասին, որ Բաքիևի կողմնակիցները հարձակվել էին Օշում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների վրա` ապրիլին ձևավորված ժամանակավոր կառավարության հրաժարականի պահանջով:
Հիշեցնենք, որ մինչ այս Ղրղըզստանի նախկին ղեկավար Քուրմանբեկ Բաքիևը քաղաքական ապաստան էր խնդրել Բելառուսից:
Բելառուսի արտաքին գործերի նախարարության հինգշաբթի օրը տարածած հաղորդագրության համաձայն, այդ երկրի դեսպանը և ողջ դիվանագիտական անձնակազմն առժամանակ ետ են կանչվել Ղրղըզստանից` ելնելով անվտանգության նկատառումներից: