Իրանի կողմից Իրաքի քրդաբնակ տարածքի ուղղությամբ հասցված հրետանային հարվածի պատճառով զոհվել է երկու մարդ, կան վիրավորներ:
Իրաքի Քրդստանի պաշտոնական անձանց համաձայն, Իրանի ուժերը հրետակոծել են երկու պետությունների միջև սահմանից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սիդքան քաղաքը:
Իրանի ուժերը սահմանամերձ շրջանում այս ամսվա սկզբին քուրդ ապստամբների դեմ ուղղված հարձակումներ են մեկնարկել և կանոնավոր կերպով հրետակոծում են այս տարածքը:
Իրանի իշխանությունների համաձայն, այս գործողություններն ուղղված են քրդական ընդդիմադիր «Քրդստանի ազատ կյանքի կուսակցություն» խմբավորման դեմ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է, որ բռնությունների պատճառով Իրաքի քուրդ ավելի քան 800 բնակիչ լքել է իրենց տները: Մարդասիրական այս կազմակերպության համաձայն, տեղահանված մարդկանց մեծամասնությունը ապաստան է գտել ժամանակավոր կացարաններում կամ բնակություն հաստատել հարազատների կամ բարեկամների առանց այն էլ գերբնակեցված տներում: