Մատչելի հղումներ

Իրանը միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակելու պատրաստակամություն է հայտնել


«Թեհրանը համաձայն է ցանկացած ժամանակ շարունակել միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն աշխարհի տերությունների հետ»

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գլխավոր բանագնացի համաձայն, Թեհրանը համաձայն է ցանկացած ժամանակ շարունակել միջուկային իր ծրագրի շուրջ բանակցություններն աշխարհի տերությունների հետ:

Սայիդ Ջալինին հինգշաբթի օրը հայտնել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մշտական անդամ հինգ պետությունների և Գերմանիայի բանագնացների հետ հանդիպումը հնարավոր է անցկացնել Իրանում կայանալիք ընտրություններից առաջ կամ դրանցից հետո:

Ջալինին, բացի այդ, վերահաստատել է Իրանի դիրքորոշումն այն մասին, որ իր պետությունն ունի ուրանի հարստացման աշխատանքներ իրականացնելու իրավունք: Որպես «P5+1» հայտնի աշխարհի տերությունների խումբը սակայն ցանկանում է, որ Իրանը դադարեցնի ուրանի հարստացման որոշ աշխատանքներ:

Իրանի միջուկային գլխավոր բանագնացն այս հայտարարությամբ հանդես է եկել՝ նախօրեին Ստամբուլում Եվրոպական Միության արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ բանակցությունների ևս մեկ շրջանի հնարավորության շուրջ քննարկումն անցկացնելու հետո:

ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ավագ տեսուչ Հերման Նեքերթսը Վիեննայում Իրանի պաշտոնյաների հետ չորեքշաբթի օրն անցկացված բանակցություններից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն այդ բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության չեն եկել ո՛չ քննարկվող հարցերի, ո՛չ էլ բանակցությունները շարունակելու ամսաթվի շուրջ:
XS
SM
MD
LG