Մատչելի հղումներ

Իրանը հաստատել է Օբամայի և Ռոհանիի միջև նամակագրությունը


Իրանի արտգործնախարարության խոսնակի համաձայն, նախագահ Օբաման Ռոհանիին նամակ է հղել, որտեղ շնորհավորել է նախագահական ընտրություններում վերջինիս հաղթանակի կապակցությամբ

Իրանի արտգործնախարարությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին նամակներ է փոխանակել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ՝ հաստատելով երկու պետությունների առաջնորդների միջև տեղի ունեցած նամակագրության մասին լուրերը:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Մարզիեհ Աֆխամն ասել է, որ նախագահ Օբաման Ռոհանիին նամակ է հղել, որտեղ շնորհավորել է նախագահական ընտրություններում վերջինիս հաղթանակի կապակցությամբ:

«Ինչպես տեսնում ենք, նամակագրություն իրականացվել է: Նամակների փոխանակումը կատարվել է դիվանագիտական առկա ուղիների միջոցով», - ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը:

ԱՄՆ-ի նախագահ Օբաման անցյալ շաբաթվա վերջին հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում ասել է, որ նամակներ է փոխանակել Ռոհանիի հետ:

Երկու պետությունների առաջնորդները գալիք շաբաթ հանդես կգան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում, սակայն ներկայում նրանց միջև հանդիպում անցկացնելու որևէ ծրագիր չկա:

Կենտրոնամետ հոգևորական Ռոհանին, որն Իրանում այս տարվա հունիսին անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել ավելի պահպանողական մրցակիցների նկատմամբ, ասել է, թե ցանկանում է աշխարհի հետ վարել «կառուցողական փոխգործակցության» քաղաքականություն՝ այսպիսով ամրապնդելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա տարաձայնությունները բանակցային միջոցով լուծելու սպասումները:

Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են դեռևս 1980 թվականին՝ ուսանողների և իսլամիստ զինյալների կողմից ԱՄՆ-ի դեսպանատունը գրավելուց և ամերիկացի դիվանագետներ պատանդ վերցնելուց հետո: ԱՄՆ-ի շահերը Թեհրանում այժմ ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը:
XS
SM
MD
LG