Մատչելի հղումներ

Բախումներ Իրանում՝ կառավարության կողմնակիցների և ընդդիմախոսների միջև


Բախումներ Իրանում՝ կառավարության կողմնակիցների և ընդդիմախոսների միջև

Իրանում տեղի են ունեցել բախումներ կառավարության կողմնակիցների ու ընդդիմախոսների միջև։

Բախումը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Թեհրանի համալսարանի մշակույթի կենտրոնում, որտեղ անցկացվում էր այս շաբաթ Թեհրանում սկսված հակակառավարական ցույցերի ընթացքում սպանված ուսանող Սանե Ժալեհի հիշատակին նվիրված արարողությունը։

Ժալեհի սպանության մեջ իրար են մեղադրում Իրանի ընդդիմությունն ու կառավարությունը։

Ուսանողը եղել է Իրանի ոստիկանության կողմից երկրի մի քանի քաղաքներում անցկացվող բողոքի ցույցերը ցրելու ընթացքում երկու զոհվածներից մեկը։

Իրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, բողոքի ցույցերի կազմակերպիչների մահը պահանջող կոչեր վանկարկող կառավարության կողմնակիցները ստիպել են ընդդիմադիր ակտիվիստներին լքել հիշատակի արարողության անցկացման վայրը։

Երկուշաբթի օրն անցկացված բողոքի ցույցի կազմակերպիչ՝ Իրանի ընդդիմադիրների առաջնորդ Մեհդի Քառուբին հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի իրեն չեն սարսափեցնում իրեն մահապատժի ենթարկելու պահպանողական օրենսդիրների կոչերը։ Իր կայքում երեքշաբթի օրը հրապարակած հաղորդագրությունում Քառուբին նշել է, որ պատրաստ է «վճարել Իրանում քաղաքական փոփոխություններ սկսելու համար պահանջվող գինը»։

Իրանի 223 պահպանողական օրենսդիրներից բաղկացած խումբը երեքշաբթի օրը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի ընդդիմության առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավիին և Մեհդի Քառուբիին պետք է ենթարկել մահապատժի՝ հակակառավարական ցույցեր անցկացնելու կոչերով հանդես գալու պատճառով։

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը խոստացել է, որ ցույցերի կազմակերպիչները չեն հասնի իրենց նպատակներին։ Ահմադինեջադն ասել է, որ հակակառավարական ցույցերը վկայում են այն մասին, որ Իրանն ունի «թշնամիներ», որոնք դեմ են, որ երկիրը «շողա և բարձունքների հասնի»։ Նա սակայն խոստովանել է, որ «թշնամանք է ձևավորվել նույնիսկ կառավարության նկատմամբ»։

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի համաձայն, ընդդիմության ղեկավարները «ընկել են ԱՄՆ-ի թակարդը»՝ թույլ տալով Վաշինգտոնին օգտագործել իրենց շարժումը Իրանում խռովություններ հրահրելու նպատակով։

XS
SM
MD
LG