Մատչելի հղումներ

Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին Սիրիայում իրանցիների հափշտակման մեջ


Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների համատեղ ասուլիս (արխիվային լուսանկար)

Պատանդ ընկած իրանցիներին ազատելու հարցում օգնության համար Իրանի իշխանությունները դիմել են Թուրքիային և Քաթարին

Իրանի իշխանությունների համաձայն, Սիրիայում կիրակի օրը հափշտակված 48 իրանցիների կյանքի համար պատասխանատվությունն ընկնում է ԱՄՆ-ի վրա:

Իրանի պետական լրատվամիջոցների վկայությամբ, երկրի արտաքին գործերի նախարարը փոխանցել է Իրանում Շվեյցարիայի դեսպանին, թե ակնկալում է, որ Միացյալ Նահանգները կօգտագործի իր ամբողջ ազդեցությունը՝ առանց որևէ նախապայմանների իրանցիների ազատ արձակումն ապահովելու համար: Շվեյցարիան Իրանում ներկայացնում է Միացյալ Նահանգների շահերը, քանի որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզված են:

Իրանի իշխանությունների համաձայն, Դամասկոսում հափշտակված 48 անձինք եղել են ուխտագնացներ, սակայն ընդդիմության «Սիրիայի ազատ բանակի» բրիգադներից մեկի հրամանատարի համաձայն, իրանցիները եղել են էլիտար «Հեղափոխական պահակազորի» ներկայացուցիչներ, որոնք Սիրիա էին ժամանել՝ լրտեսական գործունեություն իրականացնելու նպատակով:

Պատանդ ընկած իրանցիներին ազատելու գործում օգնության համար Իրանի իշխանությունները դիմել են Թուրքիային և Քաթարին:

Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին երեքշաբթի օրն այցելել է Թուրքիա՝ այս երկրի իր գործընկեր Ահմեթ Դավութօղլուի հետ Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար: Հանդիպման ընթացքում, ըստ Իրանի պաշտոնյաների, քննարկվելու է նաև պատանդների հարցը:

Իրանի պետական լրատվամիջոցները երեքշաբթի օրը հայտնել են նաև, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ բանակցություններ անցկացնելու համար Դամասկոս է ժամանել Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայեդ Ջալիլին:

Իրանը սատարում է Սիրիայի կառավարությանը, սակայն Թուրքիան և Քաթարը հանդես են գալիս Սիրիայի ընդդիմության կողմ:
XS
SM
MD
LG