Մատչելի հղումներ

«Հայաստանը փորձում է բարելավել հարաբերությունները հարևանի հետ՝ չխախտելով միջազգային պատժամիջոցները»


«Հայաստանի տեսակետից առկա է մեկուսացման միասնական զգացում. և՛ Իրանը, և՛ Հայաստանը շրջապատված են թշնամի կամ մրցակից պետություններով, երկուսն էլ զգում են շրջափակման կամ պատժամիջոցների հետևանքները». Ռիչարդ Կիրակոսյան

«Այն ժամանակ, երբ Արևմուտքը փորձում է մեկուսացնել Իրանը՝ վերջինիս կողմից իրականացվող վիճահարույց միջուկային ծրագրի պատճառով, Հայաստանը փորձում է բարելավել հարաբերություններն իր հարևանի հետ՝ չխախտելով միջազգային պատժամիջոցները»:

Այսպես է սկսվում «Ամերիկայի Ձայն»-ի Ռուսաստանի և ԱՊՀ-ի երկրների բյուրոյի ղեկավար Ջեյմս Բրուքի Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին նվիրված հոդվածը, որտեղ նա հիշեցնում է, որ Հայաստանում գործող միակ մզկիթն իրանական է և հանդիսանում է Իրանից Հայաստան ժամանող բարձրաստիճան հյուրերի այցելության պարտադիր վայրը:

«Արևմուտքը փորձում է մեկուսացնել Իրանը՝ պնդելով, որ վերջինիս կողմից իրականացվող միջուկային ծրագիրն օգտագործվում է ատոմային ռումբ ստեղծելու նպատակով: Հայաստանն իր հերթին գտնվում է պատմական երկու թշնամիների, արևմուտքից՝ Թուրքիայի, արևելքից՝ Ադրբեջանի միջև, որոնց հետ չունի առևտրային և դիվանագիտական հարաբերություններ: Հայաստանն առևտրային ի դիվանագիտական հարաբերություններ ունի հյուսիսային իր հարևան Վրաստանի, և այժմ փորձում է ընդլայնել առևտրային և ներդրումային կապերը հարավային հարևանի՝ Իրանի հետ», - գրում է Բրուքսը:

Հոդվածում մեջ է բերվում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերը, որի համաձայն Հայաստանն Իրանի միակ հարևանն է, որտեղ Իրանի կառավարական մարմինների ներկայացուցիչներն իրենց բավականին հարմար են զգում և պատրաստ են զարգացնել հարաբերությունները:

«Հայաստանի տեսակետից առկա է մեկուսացման միասնական զգացում. և՛ Իրանը, և՛ Հայաստանը շրջապատված են թշնամի կամ մրցակից պետություններով, երկուսն էլ զգում են շրջափակման կամ պատժամիջոցների հետևանքները», - նշում է Կիրակոսյանը:

Իրանի գծով Հայաստանի գիտությունների ակադեմիայի փորձագետ Գոհար Իսկանդարյանի համաձայն, Հայաստանի գերակայությունների թվում է երկրի երկաթուղին դեպի հարավ ընդլայնումը:

«Երբ Հայաստանը ֆինանսավորում հայթայթի, կկարողանանք միացնել մեր երկաթուղին Իրանի երկաթուղուն՝ այսպիսով ապահովելով ելք դեպի Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս», - ասում է Իսկանդարյանը:

Փորձագետը, ըստ Բրուքի, նշում է նաև, որ Հայաստանի իշխանությունները նախատեսում են կառուցել նաև Իրանից նավթ առաքող նավթամուղ, ինչպես նաև երկու հիդրոէլեկտրակայան՝ պետությունների միջև համատեղ սահմանի վրա:

Գոհար Իսկանդարյանը սակայն հիշեցնում է, որ Իրանի միջուկային ծրագրի հետևանքով սահմանված պատժամիջոցների պատճառով այս նախագծերի ֆինանսավորումը կարող է դադարեցվել՝ շեշտելով, որ «սա այնքան կախված չէ միայն հայաստանյան կամքից, որքան երկու տերությունների՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև խնդիրներից լուծումից»:

Չնայած պատժամիջոցների, որոնք վնաս են հասցնում Իրանի տնտեսությանը և սահմանափակում Հայաստանի հետ ունեցած առևտրային հարաբերությունները, Ռիչարդ Կիրակոսյանը, ըստ հեղինակի, պնդում է, որ դրանց պատճառով ստեղծվել է այլ տեսակի հնարավորություն:

«Իրանի կառավարությունն ըստ էության արգելել է «շքեղության առարկաների», ներառյալ ծնկադիր համակարգիչների, դեմքի հարդարանքի և այլ կոսմետիկայի, նույնիսկ շոկոլադի ներմուծումը: Այսպիսով, նման միջոցները խթանել են «սև շուկայի» զարգացումը. Հայաստան տուրիզմի նպատակով ժամանող իրանցիները սկսել են գնել արգելված այս ապրանքները:

«Իրանից Հայաստան ժամանող որոշ զբոսաշրջիկներ սակայն գնում են ավելին, քան շրթներկ», - գրում է Բրուքը՝ վկայակոչելով Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանի խոսքերը, որի համաձայն իրանցիներն այժմ Հայաստանում բնակարաններ են գնում:

«Գալիս են բավականին մեծ թվով իրանցիներ, և դա կարող է նշանակել, որ նրանք նախապատրաստում են վայրեր, ուր կարող են հանգրվանել՝ պատերազմ սկսվելու դեպքում»:

«Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն գրեթե 3 հազար տարվա պատմություն՝ Էրեբունիի շինարարության ժամանակից: Եթե ժամանակակից առաջնորդները հետևեն իրենց կողմից ընդունված գործելակերպին, ապա այս երկու հինավուրց հարևանները կշարունակեն առևտուրն ու փոխադարձ այցերը՝ քիչ ուշադրություն դարձնելով արտաքին աշխարհին», - եզրափակում է Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին նվիրված Ռիչարդ Բրուքի հոդվածը:
XS
SM
MD
LG