Իրանի պետական լրատվական գործակալության հրապարակմամբ, Իրաքի հետ սահմանի հարևանությամբ ձերբակալվել է ալ-Քաիդայի ենթադրյալ յոթ զինյալ:
«IRNA» գործակալության կողմից չորեքշաբթի օրը տարածված հաղորդագրության համաձայն, անվտանգության մարմինները կասկածյալներին ձերբակալել են երկրի Արևմտյան Ադրբեջան նահանգի Սարդաշտ քաղաքի մոտակայքում:
Իրանի իշխանություններն դեռևս մեկ տարի առաջ էին հայտնաբերել ալ-Քաիդայի ենթադրյալ այս զինյալներին: Չի նշվում, սակայն, արդյոք կասկածյալները Իրանի, թե օտարերկրյա պետության քաղաքացի են:
Ձերբակալվածները զբաղվել են Սաուդյան Արաբիայում սկիզբ առած` սունիական մահմեդականության «վահաբականություն» ծայրահեղական տեսակի տարածմամբ և փորձում էին տարաձայնություններ ստեղծել սունիների և շիաների միջև:
Վերջին տարիներին Իրանը հազվադեպ է հայտնել ալ-Քաիդայի զինյալների ձերբակալությունների մասին: Որոշ կարծիքների համաձայն, ԱՄՆ-ի կողմից գլխավորած ուժերի կողմից Աֆղանստան կատարած ներխուժումից հետո ալ-Քաիդայի որոշ զինյալներ փախուստի են դիմել` անցնելով Իրանի տարածք: