Մատչելի հղումներ

Միջազգային դիտորդները «մաքուր և թափանցիկ» են գնահատել Վրաստանի ընտրությունները


«Անցկացնելով դրական և թափանցիկ ընտրություններ՝ Վրաստանի ժողովուրդը վերահաստատել է իշխանության պատմական փոխանցումը, որն իրականացվել է անցյալ տարի»

Միջազգային դիտորդները հավանության են արժանացրել Վրաստանում կայացած նախագահական ընտրությունները՝ «մաքուր և թափանցիկ» գնահատելով դրանց անցկացումը:

«Անցկացնելով դրական և թափանցիկ ընտրություններ՝ Վրաստանի ժողովուրդը վերահաստատել է իշխանության պատմական փոխանցումը, որն իրականացվել է անցյալ տարի», - ասել է երկրում ԵԱՀԿ-ի դիտորդների առաքելությունը գլխավորող Ժոաո Սորարեսը:

«Քաղաքական գոյակցությունից հետո մաքուր այս ընտրությունները վկայում են այն մասին, որ ժողովրդավարությունը Վրաստանում հասունանում է», - ասել է ԵԱՀԿ-ի դիտորդների առաքելության ղեկավարը:

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայն, երկրում անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել «Վրացական երազանք» իշխող դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին՝ հավաքելով ընտրողների ձայների ավելի 62 տոկոսը:

Ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորած ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Դավիթ Բաքրաձեն՝ ստանալով ընտրողների ձայների 22 տոկոսը, երրորդ տեղում է «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն՝ ընտրողների ձայների 10 տոկոսով:

Գեորգի Մարգվելաշվիլիին հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայացած նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
XS
SM
MD
LG