Մատչելի հղումներ

Միջազգային դոնոր կազմակերպությունները սատարում են նոր պատվաստանյութի մշակման նախաձեռնությունները


Միջազգային դոնոր կազմակերպությունները սատարում են նոր պատվաստանյութի մշակման նախաձեռնությունները
Միջազգային դոնոր կազմակերպությունները սատարում են նոր պատվաստանյութի մշակման նախաձեռնությունները

Վերջերս Լոնդոնում կայացած համաժողովի ընթացքում մասնավոր նվիրատուները և աշխարհի առաջնորդներ խոստացան շուրջ 5 միլիարդ դոլար նվիրաբերել «Պատվաստանյութերի և պատվաստման գլոբալ դաշինք»-ին: Գումարը կօգտագործվի առաջիկա չորս տարիների ընթացքում ամբողջ աշխարհում երեխաներին մահացու հիվանդությունների դեմ պատվաստելու համար:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը խոստացել է, որ իր երկիրը մինչև 2015 թվականը 814 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրի այդ կազմակերպությանը, իսկ «Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը խոստացել է հավելյալ մեկ միլիարդ դոլար չափով աջակցություն տրամադրել:

Լոնդոնում հանդիպում անցկացրած բարերարները, կորպորատիվ կառավարիչները և քաղաքական ղեկավարները խոստացան միասին 4,7 միլիարդ դոլարի չափով ֆինանսավորում հատկացնել ցածր եկամուտ ունեցող զարգացող երկրներում իրականացվող պատվաստման ծրագրերին: Ըստ «Պատվաստանյութերի և պատվաստման գլոբալ դաշինք» կազմակերպության ներկայացուցիչ Դեվիդ Ֆերեյրայի՝ սա պատմական իրադարձություն է համաշխարհային առողջապահության մեջ:

«Այն մեծ հաղթանակ է համաշխարհային հանրության համար, վստահության քվե՝ պատվաստումների իրագործման օգտին և համաշխարհային հանձնառություն՝ հիվանդությունների դեմ երեխաներին պատվաստելու գործում», - ասել է Ֆերեյրան:

Ըստ Ֆերեյրայի՝ հանգանակված լրացուցիչ գումարը կօգնի Դաշինքին ավելի շատ երեխաների պատվաստել թոքաբորբի և լուծի դեմ և ընդլայնել այսպես կոչված «հնգավալենտ» պատվաստանյութի մատչելիությունը, որը երեխաներին պաշտպանում է հինգ մահացու հիվանդություններից:

«Երկրագնդի վրա հինգ տարեկանից ցածր երեխաների մահացության երկու հիմնական պատճառները թոքաբորբն ու լուծն են», -ասում է Ֆերեյրան:

«Գլոբալ դաշինք» կազմակերպությունը ծրագրում է մշակել նոր պատվաստանյութ այլ հիվանդությունների դեմ: «Սաբին» պատվաստանյութերի ինստիտուտի նախագահ Փիթըր Հորտեզը հուսով է, որ «Գլոբալ դաշինք»-ը մալարիայի, տիֆի և արևադարձային տենդի դեմ պատվաստանյութ մշակելուց բացի կանդրադառնա նաև արևադարձային անտեսված այն հիվանդություններին, որոնք աշխարհում ազդեցություն ունեն ավելի քան մեկ միլիարդ մարդու առողջության վրա:

Հորտեզի համաձյան, այդ պատվաստանյութերը ոչ միայն կբարելավեն առողջությունը, այլև կօգնեն հաղթահարել աղքատությունը:

«Այդ է պատճառը, որ այդ անտեսված արևադարձային հիվանդությունների պատվաստանյութը մենք «աղքատության դեմ պատվաստանյութեր» ենք անվանում», - ասում է Հորտեզը:

Ըստ նրան՝ աշխարհում անտեսված արևադարձային հիվանդությունների 70 տոկոսը հանդիպում են Միացյալ Նահանգների համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրներում: Պատվաստանյութերի ծրագրերի շուրջ համագործակցությունը կօգնի կամրջել դիվանագիտական որոշ ճեղքեր:

«Օրինակ՝ իրանցիները կուզենային ձեռք բերել լեյշմանիոզի դեմ պատվաստանյութ, ինդոնեզիացիները՝ շիստոսոմոզի: Ինչու՞ նրանց հետ չենք աշխատում գիտական դիվանագիտության կամ պատվաստանյութի դիվանագիտության ձևաչափով: Սա հրաշալի հնարավորություն է», - ասում է Հորտեզը:

Առողջապահության ոլորտի պաշտոնյաները հույ ունեն, որ հաջորդ մի քանի տարվա ընթացքում կհաջողվի պատվաստել ավելի քան 250 միլիոն երեխաների և փրկել շուրջ 4 միլիոն կյանք:

XS
SM
MD
LG