Մատչելի հղումներ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ նախնական պայմանավորվածությունն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ին


Քերրի. «Բանակցություններն այս երկրի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները խաղաղ և երկարատև եղանակով» լուծելու ամենալավ միջոցն են»

Միջազգային հանրության կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները թուլացնելու փոխարեն այդ երկրի միջուկային ծրագիրը սահմանափակելու մասին նախնական պայմանավորվածությունն ուժի մեջ կմտնի այս տարվա հունվարի 20-ին:

Իրանի միջուկային ծրագրի բանակցություններում մասնակցող երկու կողմերը հաստատել են այս ամսաթիվն այն բանից հետո, երբ փորձագետների կողմից մի քանի շաբաթ շարունակ քննարկվել է վեցամսյա պայմանավորվածության իրականացման եղանակը:

Պայմանավորվածության համաձայն, Իրանը կսահմանափակի ուրանի հարստացումը հինգ տոկոսով և կնվազեցնի ավելի բարձր հարստացման ուրանի իր պաշարը՝ միաժամանակ թույլատրելով ՄԱԿ-ի տեսուչների մուտքը միջուկային հաստատություններ:

Փոխարենը Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը կթուլացնեն այս երկրի նկատմամբ կիրառվող որոշ պատժամիջոցներ, որոնց պատճառով Իրանի տնտեսությունը ծանր կացության մեջ է հայտնվել:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի համաձայն, Իրանի հետ համապարփակ համաձայնության հասնելու գործընթացը դժվարին կլինի, սակայն բանակցություններն այս երկրի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները «խաղաղ և երկարատև եղանակով» լուծելու ամենալավ միջոցն են:

ԱՄՆ-ի նախագահ Օբաման իր հերթին ասել է, որ Միացյալ Նահանգներն ու այլ պետություններն Իրանին կտրամադրեն տնտեսական պատժամիջոցների «համեստ թուլացում», եթե Թեհրանը շարունակի կատարել իր պարտականությունները՝ մինչև պայմանավորվածության գործողության ժամկետի ավարտը:
XS
SM
MD
LG