Մատչելի հղումներ

«Սպառնալիքները հայտնաբերելու ԱՄՆ-ի կարողությունը վատթարացել է»


ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենի համաձայն, բյուջեի կրճատումները մեծ վնաս են հասցնում վաղ նախազգուշացման հետախուզական համակարգին

ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենի համաձայն, Միացյալ Նահանգների պետական բյուջեում կատարվող ավտոմատ կրճատումները նվազեցնում են ԱՄՆ-ի կողմից ամբողջ աշխարհում առկա սպառնալիքների՝ ահաբեկչական դավադրություններից մինչև Հյուսիսային Կորեայի և Իրանի միջուկային ծրագրերի մանրամասները, հայտնաբերման կարողությունը:

Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը նախօրեին ԱՄՆ-ի Սենատում անցկացված լսումների ժամանակ ասել է, որ բյուջեի կրճատումները մեծ վնաս են հասցնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս վաղ նախազգուշացման հետախուզական համակարգին:

«Պարզ ասում եմ ձեզ և Ամերիկայի ժողովրդին՝ սեկվեստրացիան ստիպում է հետախուզության աշխատողներին կատարել պակաս ծավալով հետախուզական աշխատանքներ և գործառույթներ՝ անկախ մեր առաքելության ազդեցությունից», - ասել է Քլեփերը՝ հավելելով, որ սեկվեստրացիայի պատճառով հետախուզական և հակահետախուզական գործողությունների ծավալի նվազեցման պատճառով կավելանա ռազմավարական անկանխատեսելի վիճակի՝ «անսպասելի հարձակման» հնարավորությունը:

Քլեփերը լսումների ժամանակ ներկայացրել է համակարգչային անվտանգության օրինակը, որտեղ, նրա համաձայն, Միացյալ Նահանգները պետք է անընդհատ զարգացնի իր կարողությունները՝ իր թշնամիների մասին տեղեկացվածության բարձր մակարդակը մշտապես պահպանելու և ԱՄՆ-ի դեմ իրականացվող համակարգչային հարձակումների վաղ նախազգուշացում ապահովելու նպատակով:

ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենի համաձայն, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները ցույց են տվել, թե ինչպիսի հետևանքներ կարող են ունենալ հետախուզական ծառայությունների ոչ պատշաճ հնարավորությունները՝ սխալ, որը, նրա համաձայն, կարող է կրկնվել:

«Ցավոք, ես արդեն եղել եմ դրա ականատեսը: Այժմ, եթե զգույշ չլինենք, մեզ սպառնում է արատավոր այս շրջանի կրկնություն, ինչը կարող է մեծ վնասների պատճառը դառնալ», - Սենատում լսումների ժամանակ ասել է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենը:
XS
SM
MD
LG