Մատչելի հղումներ

Հնդկաստանի դիվանագետը հեռացել է Միացյալ Նահանգներից


Դևյանի Խոբրագադեի ձերբակալությունն ու նրա նկատմամբ վերաբերմունքը դարձել են Հնդկաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական խոշոր բախման պատճառ

Միացյալ Նահանգների և Հնդկաստանի միջև տարաձայնությունների կիզակետում հայտնված Հնդկաստանի դիվանագետը, որը մեղադրվում է իր սպասուհուն ԱՄՆ բերելու համար մուտքի արտոնագրում կեղծ տեղեկությունների ներկայացման մեջ, հեռացել է Միացյալ Նահանգներից:

Դևյանի Խոբրագադեն Միացյալ Նահանգներից հեռացել է հինգշաբթի ուշ երեկոյան այն բանից հետո, երբ Հնդկաստանի իշխանությունները մերժել են դիվանագետին անձեռնմխելիությունից զրկելու մասին Միացյալ Նահանգների պահանջը:

Խոբրագադեն զբաղեցնում էր Նյու Յորքում Հնդկաստանի գլխավոր իրավախորհրդատուի տեղակալի պաշտոնը, սակայն ԱՄՆ-ի իշխանությունների կողմից անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին իր սպասուհու մուտքի արտոնագրում կեղծ տեղեկություններ նշելու և կեղծ հայտարարություններ անելու համար ձերբակալվել էր ԱՄՆ-ի իրավապահ մարմինների կողմից, որի ընթացքում, ըստ Հնդկաստանի իշխանությունների, Խոբրագադեն մերկացվել և խուզարկվել էր:

Հնդկաստանի իշխանությունները 2013 թվականի դեկտեմբերի 18-ին Խոբրագադեին տեղափոխել էին ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցչություն, ինչը վերջինիս հնարավորություն էր տվել օգտվելու դիվանագիտական անձեռնմխելիությունից, քանի որ նրա նախկին պաշտոնը տրամադրում էր միայն հյուպատոսական անձեռնմխելիություն:

ԱՄՆ-ի իշխանությունները, ընդունված ընթացակարգի համաձայն, նախօրեին ընդունել են Խոբրագադեին դիվանագետի կարգավիճակ տրամադրելու մասին Հնդկաստանի դիմումը, ինչը վերջինիս դիվանագիտական անձեռնմխելիություն է տրամադրել:

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը միաժամանակ դիմել էր Հնդկաստանի իշխանություններին՝ Խոբրագադեին դիվանագիտական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, որը սակայն մերժվել էր: ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակի համաձայն, Դևյանի Խոբրագադեին ներկայացված մեղադրանքները չեն հանվելու, և կներկայացվեն կրկին՝ վերջինիս կողմից Միացյալ Նահանգներ երբևէ վերադառնալու դեպքում:

Դևյանի Խոբրագադեի ձերբակալությունն ու իր նկատմամբ վերաբերմունքը դարձել են Հնդկաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական խոշոր բախման պատճառը: Հնդկաստանի իշխանություններն իրենց հերթին դիվանագիտական անձեռնմխելիությունից զրկել են Նյու Դելիում աշխատող ԱՄՆ-ի որոշ դիվանագետներին և կարգադրել Հնդկաստանում ԱՄՆ-ի դեսպանությանը սահմանափակել դեսպանատան տարածքում գործող՝ դիվանագետների համար նախատեսված էլիտար ակումբում ծառայությունների տրամադրումը:
XS
SM
MD
LG