Մատչելի հղումներ

Հնդկաստանը փորձարկելու է մինչև Պեկին հասնելու ունակություն ունեցող միջուկային հրթիռը


«Ագնի-III» հրթիռի փորձարկում (արխիվային լուսանկար)

Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են գործողության մեծ շառավիղ՝ մինչև Չինաստանի մայրաքաղաք Պեկին հասնելու ունակություն ունեցող միջուկային հրթիռի փորձարկման ծրագրերի մասին:

«Ագնի-V» հրթիռը մշակող Հնդկաստանի պաշտպանության ոլորտի ուսումնասիրության և զարգացման կազմակերպության խոսնակ Ռաջիվ Գուպտան չորեքշաբթի օրն ասել է, թե հրթիռի փորձարկման արդյունքում Հնդկաստանի ռազմավարական հնարավորությունները «քվանտային թռիչք» կկատարեն:

Հրթիռի գործողության շառավիղը կազմում է 5 հազար կիլոմետր: Հնդկաստանի Օրիսա արևելյան նահանգից հրթիռը պետք է արձակվեր չորեքշաբթի երեկոյան, սակայն փորձակումն անհրաժեշտ է եղել դադարեցնել մինչև հինգշաբթի՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների պատճառով:

Հնդկաստանի պաշտոնատար անձանց համաձայն, «Ագնի-V» հրթիռը պետք չէ ընկալել որպես վտանգ: Գուպտան նշել է, թե Հնդկաստանը հետևում է «միջուկային զենքն առաջինը չկիրառելու» քաղաքականության, և որ երկրի հրթիռային բոլոր համակարգերն որոշակի որևէ պետության դեմ ուղղված չեն:

Միացյալ Նահանգները հորդորել է միջուկային զենք ունեցող բոլոր պետություններին ցուցաբերել զսպվածություն միջուկային սպառազինության ավելացման հարցում: ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Մարկ Տոներն ասել է, որ Վաշինգտոնը տեղյակ է հրթիռի փորձարկում անցկացնելու Հնդկաստանի ծրագրերի մասին՝ միաժամանակ նշելով, որ այս երկիրը կատարել է միջուկային զենքի տարածման կանխարգելմանն ուղղված մեծածավալ աշխատանք և միջազգային հանրության հետ միասին մասնակցում է զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելմանն ուղղված այլ աշխատանքներին:

Հնդկաստանը 2006 թվականից ի վեր իրականացնում է բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համակարգի փորձարկումներ: Համակարգի գործողության մեջ դնելու դեպքում Հնդկաստանը դառնալու է հակահրթիռային գործուն «վահան» ունեցող մի քանի պետություններից մեկը:

XS
SM
MD
LG