Մատչելի հղումներ

Հնդկաստանն ու Չինաստանը կվերսկսեն համատեղ զորավարժությունները


Երկու պետությունները համաձայնության են եկել նաև բարձրաստիճան պաշտոնյաների փոխանակման և ռազմածովային համագործակցության շուրջ

Հնդկաստանն ու Չինաստանը համաձայնության են եկել վերսկսելու համատեղ զորավարժությունները, ինչի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու հարևան պետությունների միջև փոխադարձ վստահության ու երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված աշխատանքների շրջանակում:

Հնդկաստանը 2007 և 2008 թվականներին անցկացված համատեղ երկու զորավարժություններից հետո Պեկինի կողմից Հնդկաստանի գեներալներից մեկին մուտքի արտոնագիր չտրամադրելու պատճառով դադարեցրել էր զորավարժությունների երրորդ շրջանի անցկացումը:

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ա. Կ. Էնթոնին Չինաստանի հետ ռազմական կապերի վերականգման մասին հանդես է եկել երեքշաբթի օրը՝ Չինաստանի իր գործընկեր Լյան Գուանլեի հետ անցկացված բանակցություններից հետո:

Նախարար Էնթոնին արդյունավետ է անվանել երեքշաբթի օրն անցկացված քննարկումները: Չինաստանի պաշտպանության նախարարն իր հերթին հայտնել է լրագրողներին, որ երկու պետությունները համաձայնության են եկել նաև բարձրաստիճան պաշտոնյաների փոխանակման և ռազմածովային ուժերի միջև անվտանգության ոլորտում համագործակցություն ծավալելու մասին:

Չինաստանի պաշտպանության նախարարի կողմից Հնդկաստան ութ տարվա մեջ առաջին անգամ կատարված այցի ընթացքում քննարկվել է նաև երկու պետությունների միջև հիմալայան սահմանի շուրջ արդեն վաղուց տևող տարաձայնությունների խնդիրը:

Պեկինն արդեն մի քանի տասնամյակ պնդում է, թե Հնդկաստանի մի ամբողջ նահանգ՝ Արունաչալ Պրադեշը պատկանում է իրեն՝ քարտեզների վրա նահանգը նշելով որպես «Հարավային Տիբեթ»: Այս հարցի շուրջ Հնդկաստանը Չինաստանի հետ անցկացրել է բանակցությունների մոտ 14 շրջան: Երկու պետությունների միջև տարածքային վեճը դարձել էր նաև 1962 թվականին կարճատև պատերազմի պատճառը:
XS
SM
MD
LG