Մատչելի հղումներ

Պակիստանն ու Հնդկաստանը երկու տարվա ընդմիջումից հետո քննարկում են խաղաղության հարցը


Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում այս երկրի եւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները, Մումբայում իրականացված ահաբեկչական հարձակումից երկու տարի անց, առաջին անգամը լինելով, քննարկում են խաղաղության խափանված բանակցությունները վերսկսելու հարցը։

Հնդկաստանի արտգործնախարար Քրիշնան ասել է, թե Պակիստան կատարած իր այցն ազդարարում է կողմերի միջեւ լարված հարաբերությունները բարելավելու նոր ջանքերը։
Բանակցությունները հիմնականում կենտրոնացված են անվտանգության հարցերում Հնդկաստանի մտահոգությունների վրա։ Խոսքը վերաբերում է ահաբեկչությանը, Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում շարունակվող բռնություններին եւ Աֆղանստանում երկու երկրների միջեւ առկա մրցակցությանը։

Հնդկաստանը հայտարարում է, թե հարաբերություններում որեւէ առաջընթաց չի կարող գրանցվել այնքան ժամանակ, քանի դեռ Պակիստանը չի ոչնչացրել Լաշքեր-է-Թաիբա ռազմատենչ խմբավորումը։ Հնդկաստանը պնդում է, որ Մումբայի ահաբեկչական հարձակումն իրականացրել է այս խմբավորումը։

Երկու տարի առաջ տասը զինյալներ նշանառության տակ առան Մումբայ քաղաքի մի քանի թիրախ, ինչի արդյունքում երեք օրվա ընթացքում շարունակվող գործողություններում զոհվեց 166 մարդ։

Հնդկաստանը կատարվածի համար մեղադրում է Պակիստանի հետախուզական գործակալությանը, սակայն վերջինս շարունակ հերքում է գործողությունները կազմակերպելու մասին իր դեմ հարուցվող մեղադրանքները։

XS
SM
MD
LG