Մատչելի հղումներ

57.8 միլիոն դոլարի լրացուցիչ վարկ՝ Հայաստանին


57.8 միլիոն դոլարի լրացուցիչ վարկ՝ Հայաստանին
57.8 միլիոն դոլարի լրացուցիչ վարկ՝ Հայաստանին

Արժույթի Միջազգային Հիմնադրամի գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի տնտեսական կատարողականի վերանայման երկրորդ փուլը, ինչի արդյունքում երկրին կտրամադրվի լրացուցիչ 57.8 միլիոն դոլարի վարկ: ԱՄՀ-ի ընդլայնված վարկային ծրագրի շրջանակներում Հայաստանի պարտքի գումարային չափը կհասնի 173.5 միլիոնի:

Արժույթի Միջազգային Հիմնադրամի խորհրդի կողմից 2010 թվականի հունիսի 28-ին հաստատված եռամյա ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանին ընդհանուր առմամբ հատկացնել 426.3 միլիոն դոլարի վարկ:

Որոշումը հաստատած խորհրդի նիստի ընթացքում ծրագրի փոխտնօրեն Նեմակ Շաֆիկը, խոսելով որոշման անհրաժեշտության մասին, ասել է. “Հայաստանի իշխանությունները պետք է շարունակեն ԱՄՀ-ի աջակցությամբ ծրագրի շրջանակներում առաջարկվող քաղաքականությունների իրականացումը, որոնք արդեն իսկ դրական ազդեցություն են ունեցել համաշխարհային ֆինանսական ճգնաժամից երկիրը դուրս բերելու գործընթացում: Ակնկալվում է, որ 2011 թվականի ընթացքում Հայաստանում արագացված տնտեսական աճ կարձանագրվի, այսուհանդերձ, կլինեն նոր մարտահրավերներ”:

Շաֆիկը նշել է նաև, որ սպասվում է դրամի արժեզրկում և գնաճ։ Դոլարից տնտեսության կախվածությունը խորանալու է, աճելու են պետական պարտքն ու աղքատության ցուցանիշները:

Դրական է գնահատվել այն հանգամանքը, որ 2010 թվականի ընթացքում զգալիորեն նվազել է բյուջեի պակասորդը, ձևավորվել է կայուն ֆինանսական վիճակ, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել պարտքի սպասարկումը:

Անդրադառնալով Հայաստանի Կենտրոնական բանկի գործունեությանը` Նեմակ Շաֆիկն ասել է. “Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստ է լրացուցիչ ջանքեր գործադրել ինֆլյացիայի հետագա ընթացքը կարգավորելու ուղղությամբ: Կառույցը շարունակում է աշխատել բանկային համակարգի ճկունությունը բարելավելու ոլորտում”:

Արժույթի Միջազգային Հիմնադրամի փորձագետի համոզմամբ, լայնածավալ բարեփոխումներ են անհրաժոշտ գործարար միջավայրի բարելավման և արդյունավետության, արտահանման ծավալների աճի, ինչպես նաև՝ ազգային տարադրամի ճկունության բարձրացման ուղղություններով:

XS
SM
MD
LG