Մատչելի հղումներ

«Միջազգային ճգնաժամային խումբ»-ը պատերազմը կանխարգելելու կոչ է արել


«Միջազգային ճգնաժամային խումբ»-ը պատերազմը կանխարգելելու կոչ է արել

«Միջազգային ճգնաժամային խումբ» կազմակերպությունը Արցախյան խնդրի վերաբերյալ երեքշաբթի օրը հրապարակած իր զեկույցում արձանագրել է, որ 2010 թվականին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը զգալիորեն վատթարացել է:

«Շփման գոտում գործողությունների երկիմաստությունը և թափանցիկության բացակայությունը, սպառազինության ձեռքբերման գործարքները և ռազմական ծախսերը, և նույնիսկ խաղաղության բանակցությունների ներկայիս իրավիճակը նպաստում են վտանգավոր այս իրավիճակի զարգացմանը», - ասել է «Միջազգային ճգնաժամային խումբ» կազմակերպության կովկասյան տարածաշրջանի տնօրեն Լորենս Շիթսը:

Նա հավելել է, որ պատահական պատերազմի հավանականությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է ամրապնդել մոնիթորինգի և վստահության բարձրացման քայլերի իրականացման մեխանիզմները:

Կազմակերպության համաձայն, երկու կողմերը պետք է կտրուկ փոխեն վտանգավոր այս միտումները` ստորագրելով հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հիմնարար սկզբունքները սահմանող փաստաթուղթ, և վստահության բարձրացմանը միտված քայլեր ձեռնարկելու միջոցով իրականացնեն լարվածությունը և հակամարտությունը վերսկսելու հավանականությունը նվազացնելուն ուղղված քայլեր:

«Խաղաղության բանակցություններում առաջընթացի բացակայությունը ավելացնում է ցանկացած պահի պատահական պատերազմի կամ գալիք մի քանի տարվա ընթացքում լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը: Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության և Թուրքիայի համար հատուկ կարևորություն պետք է ունենա այս սցենարի զարգացման կանխարգելումը», - նշել է «Միջազգային ճգնաժամային խումբ» կազմակերպության եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբին Ֆրայյզերը:

XS
SM
MD
LG