Մատչելի հղումներ

Նյու Յորքի մարաթոնի անցկացման ծրագրերը չեն դադարեցվի


Գերփոթորկի պատճառով, ըստ որոշ գնահատականների, Միացյալ Նահանգները կրել է մոտ 50 միլիարդ դոլարի վնաս

ԱՄՆ-ի փրկարար ծառայությունները շարունակում են օգնություն տրամադրել «Սենդի» փոթորկի պատճառով տուժած մարդկանց: Միացյալ Նահանգների տարածքում այս շաբաթվա սկզբին տեղի ունեցած հուժկու փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 90-ը:

Նյու Յորքի քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգն այնուամենայնիվ խոստացել է, որ գալիք կիրակի օրը նշանակված Նյու Յորքի հանրահայտ մարաթոնը կանցկացվի ըստ ծրագրածի: Ըստ Բլումբերգի, մարաթոնի անցկացումը լրացուցիչ բեռ չի դառնա քաղաքի ոստիկանության համար, քանի որ կիրակի օրը երթևեկությունն ավելի թեթև է: Իրադարձության կասեցումն իր հերթին հարված կլինի գործարարների համար, քանի որ հեղինակային այս մրցավազքը սովորաբար այցելում են հազարավոր մասնակիցներ և երկրպագուներ՝ միլիոնավոր դոլար կազմող մուտքեր ապահովելով քաղաքի բյուջե:

Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի ցածրադիր գոտու և մոտակայքում գտնվող շրջանների էլեկտրամատակարարումը դեռևս չի վերականգնվել: Էներգամատակարարման ապահովման տեղական կազմակերպության համաձայն, բաշխիչ ցանցը վերականգնելու համար կպահանջվի ևս մի քանի օր: Քաղաքում վերսկսվել է ավտոբուսների և մետրոյի աշխատանքը՝ սահմանափակ ռեժիմով:

Փակ են մնում Նյու Յորքի դպրոցները, իսկ էլեկտրականություն ունեցող մի քանի բենզալցակայանի մոտ գոյացել են մեքենաները լիցքավորելու կարիք ունեցողների հսկայական հերթեր:

«Սենդի» փոթորիկը խախտել է կյանքի բնականոն ընթացքը Միացյալ Նահանգների ատլանտյան ափերին հարող տարածքների մեծ մասում: Գերփոթորկի պատճառով, ըստ որոշ գնահատականների, Միացյալ Նահանգները կրել է մոտ 50 միլիարդ դոլարի վնաս:
XS
SM
MD
LG