Մատչելի հղումներ

«Այզեք» մրրիկը հասել է Լուիզիանա նահանգ


Ուսանողները Նոր Օռլեանում չափում են «Այզեք» մրրիկի քամու արագությունը
Ուսանողները Նոր Օռլեանում չափում են «Այզեք» մրրիկի քամու արագությունը

Նոր Օռլեան քաղաքին յոթ տարի առաջ աղետալի հարված էր հասցրել «Կատրինա» մրրիկը, որի հասցրած հսկա վնասը որոշ վայրերում չի վերացվել մինչ օրս

Մեքսիկական ծոցի Միացյալ Նահանգների առափնյա տարածքներ հասած «Այցեք» մրրիկը ուժեղ անձրևների և քամիների պատճառ է դարձել: Մրրիկը շարունակել է շարժվել դեպի Լուիզիանա նահանգում գտնվող Նոր Օռլեան քաղաքը, որին յոթ տարի առաջ աղետալի հարված էր հասցրել «Կատրինա» մրրիկը:

ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի համաձայն, մրրիկի կիզակետը մինչև հինգշաբթի օրվա վերջ կմնա Լուիզիանա նահանգի տարածքի վրա՝ ուրբաթ օրը տեղափոխվելով հարևան Արկանզաս նահանգ:

Օդերևութաբանները չորեքշաբթի առավոտյան հայտնել են, որ «Այզեք»-ի հետևանքով առաջացել են ժամում 130 կիլոմետր արագություն ունեցող քամիներ, որոնց պատճառով առափնյա տարածքներին սպառնում են քամով առաջացրած կործանիչ ալիքներ և հեղեղում: Սպասվում է, որ որոշ տարածքներում մրրիկի հետևանքով տեղումները կարող են կազմել 50 սանտիմետր:

Միսիսիպիի նահանգապետ Ֆիլ Բրայանթը զգուշացրել է նահանգի բնակիչներին մրրիկի խիստ վտանգավոր լինելու մասին:

«Սա շատ վտանգավոր մրրիկ է, որի պատճառով հեղեղումները կարող է շատ արագ տեղի ունենալ՝ մեծ վտանգ սպառնալով մարդկանց կյանքին», - ասել է նահանգապետը:

Մեքսիկական ծոցի Միացյալ Նահանգների առափնյա տարածքների բնակիչներին «Այզեք» մրրիկը հիշեցում է 2005 թվականին տեղի ունեցած ավելի ուժգին «Կատրինա» մրրիկի մասին, որի հետևանքով զոհվել է 1800 մարդ: «Կատրինա»-ի պատճառած հսկա վնասը որոշ վայրերում չի վերացվել մինչ օրս:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արտակարգ իրավիճակ է հայտարարել Լուիզիանա և Միսիսիպի նահանգներում՝ այս երկու նահանգների համար հասանելի դարձնելով դաշնային ֆինանսավորումը և օգնության այլ տեսակներ: Մրրիկի հարվածից առաջ տարածաշրջան են գործուղվել փրկարար ծառայությունների ջոկատներ:
XS
SM
MD
LG