Մատչելի հղումներ

500 հազար մարդ փախուստի է դիմել Իրաքում իսլամիստների կողմից գրավված քաղաքից


«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության զինյալները վերահսկողություն են հաստատել Իրաքի նավթամշակման ամենախոշոր գործարանի նկատմամբ

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը չորեքշաբթի օրը տեղեկացրել է, որ «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության զինյալների կողմից Մոսուլ քաղաքը գրավելուց հետո այնտեղ բռնությունների ծավալման սպառնալիքի հետևանքով իրենց տներն է լքել ավելի քան 500 հազար մարդ:

Կազմակերպության համաձայն, տեղահանված անձինք տեղափոխվել են քաղաքի այլ շրջաններ, Նինվե նահանգի այլ մասեր կամ այս նահանգի հարևանությամբ գտնվող քրդական Իրբիլ նահանգ:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպության զինյալները, ըստ հաղորդագրությունների, չորեքշաբթի օրը գրավել են Բայջի քաղաքը, որտեղ գտնվում է Իրաքի նավթամշակման ամենախոշոր գործարանը:

Իրաքի անվտանգության ուժերը հաղորդել են, որ նավթամշակման գործարանի 250 պահակները համաձայնվել են հեռանալ քաղաքից այն բանից հետո, երբ զինյալներն իրենց հետ բանակցությունների են ուղարկել տեղի ցեղախմբերի առաջնորդներին:

Իրաքի արտգործնախարար Հոշար Զեբարին այս ընթացքում նշել է, որ Բաղդադի կառավարությունն աշխատելու է քուրդ իշխանությունների հետ՝ Մոսուլը գրավված իսլամիստներին քաղաքից դուրս մղելու նպատակով:

Զեբարին չորեքշաբթի օրն ասել է, որ Իրաքի առաջնորդները պետք է միավորվեն՝ երկրին սպառնացող «լուրջ և մահացու» վտանգի առաջ, և խոստացել է արագ արձագանքել իսլամիստների կողմից Իրաքի երկրորդ ամենամեծ քաղաքի գրավման:
XS
SM
MD
LG