Մատչելի հղումներ

Հրապարակվել է «Human Rights Watch» կազմակերպության տարեկան զեկույցը


Հրապարակվել է «Human Rights Watch» կազմակերպության տարեկան զեկույցը
Հրապարակվել է «Human Rights Watch» կազմակերպության տարեկան զեկույցը

Աշխարհում մարդու իրավունքների դրության երկուշաբթի օրը հրապարակված տարեկան զեկույցին կից ուղերձում «Human Rights Watch» կազմակերպության տնօրեն Քենեթ Ռոթը նշել է, որ «ճնշող վարչակարգերի հետ երկխոսության և համագործակցության արարողակարգը հաճախակի օգտագործվում է որպես մարդու իրավունքների վերաբերյալ անգործության արդարացում»:

«Human Rights Watch»-ի տարեկան զեկույցի համաձայն, Արևմուտքը, մասնավորապես Եվրոպական Միությունը, աշխարհի պետությունների կառավարությունների վրա բավարար ճնշում չի գործադրում` վերջիններիս կողմից մարդու իրավունքները պաշտպանելուն ուղղված գործողություններ ձեռնարկելու նպատակով:

Կազմակերպության զեկույցի Հայաստանին նվիրված մասում նշվում է, որ Հայաստանի իշխանությունները դեռևս պետք է իրականացնեն Երևանում 2008 թվականի մարտին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոստիկանության կողմից չափազանց ուժ կիրառելու իմաստալից հետաքննություն:

Զեկույցում նշվում է նաև, որ 2008 թվականի մարտի իրադարձություններից հետո բանտարկության մեջ դեռևս գտնվում է ընդդիմությանն աջակցող տասներկու անձ, իսկ Հայաստանի ոստիկանությունում կալանքի տակ պահելու ընթացքում խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը լուրջ խնդիրներ են մնում:

«Human Rights Watch»-ի զեկույցի համաձայն, Հայաստանում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխությունները սպառնում են սահմանափակել լրատվամիջոցների բազմակարծությունը, իսկ երկրի իշխանությունները շարունակում են սահմանափակել հավաքների ազատությունը:

Իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում նշվում է նաև, որ Հայաստանի միջազգային գործընկերները լիովին չեն կիրառում իրենց ունեցած ներգործության միջոցները` երկրում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակի վրա ազդեցություն գործելու համար:

XS
SM
MD
LG