Մատչելի հղումներ

Հայաստանը 87-րդ տեղում է «Մարդկային զարգացման ինդեքս-2013» զեկույցում


Նորվեգիան, Ավստրալիան, ԱՄՆ-ը, Նիդերլանդներն ու Գերմանիան աշխարհի այն հինգ երկրներն են, որտեղ մարդկային զարգացումը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա

ՄԱԿ-ի զարգացման գործակալությունը հրապարակել է «Մարդկային զարգացման ինդեքս 2013» ամենամյա զեկույցը:

Զեկույցի համաձայն, Նորվեգիան, Ավստրալիան, ԱՄՆ-ը, Նիդերլանդներն ու Գերմանիան աշխարհի այն հինգ երկրներն են, որտեղ մարդկային զարգացումը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա:

Հայաստանը, ըստ «Մարդկային զարգացման ինդեքս-2013»-ի, զբաղեցրել է 87-րդ տեղը, Վրաստանը՝ 72-րդ տեղը, Ադրբեջանը՝ 82-րդ տեղը, իսկ Թուրքիան՝ 90-րդ տեղը:

Նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանի դիրքը զեկույցում նվազել է մեկ միավորով:

«Մարդկային զարգացման ինդեքս» զեկույցը, որը հրապարակվում է՝ սկսած 1990 թվականից, չափում է երկրի մարդկային ներուժի զարգացման միջին առաջընթացը և միավորում է երեք ցուցանիշներ` բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀԱԵ-ն, մարդու առողջությունն ու կյանքի սպասվող միջին տևողությունը, ինչպես նաև բնակչության կրթական մակարդակը:

«Մարդկային զարգացման ինդեքս»-ը ներկայացնում է մարդկային զարգացման հետևյալ երեք հարթությունների բաղադրյալ գնահատականը՝ ապրել երկար և առողջ կյանքով, ինչը չափվում է կյանքի տևողությամբ, լինել կրթված, ինչը չափվում է գրագիտությամբ, և ունենալ արժանավայել կենսամակարդակ, ինչը չափվում է գնողունակության համարժեքությամբ և երկրում եկամտի մակարդակով:

«Մարդկային զարգացման ինդեքս-2013» զեկույցում վերջին տեղերն են գրավում Նիգերը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Մոզամբիկը, Չադը և Բուրկինա Ֆասոն:
XS
SM
MD
LG