Մատչելի հղումներ

Իրավապաշտպանները հորդորում են Ասադին դադարեցնել հրթիռային հարձակումները


Ըստ «Human Rights Watch»-ի, բալիստիկ հրթիռների կիրառումը խաղաղ բնակչության համար «աղետալի հետևանքների» պատճառ է դառնում

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերին դադարեցնել բնակավայրերի ուղղությամբ բալիստիկ հրթիռների կիրառմամբ իրականացվող հարձակումները:

Իրավապաշտպան կազմակերպությունը երկուշաբթի օրը հայտնել է այս տարի հիմնականում Հալեպում և քաղաքի հարակից տարածքներում 215 խաղաղ բնակչի մահվան պատճառը դարձած՝ ըստ էության բալիստիկ հրթիռների կիրառմամբ իրականացված ինը հարձակումների շուրջ հետաքննություն անցկացնելու մասին:

«Human Rights Watch»-ն ասել է, թե բալիստիկ հրթիռների կիրառմամբ իրականացված յոթ հարձակումների վայրերի մոտակայքում ռազմական որևէ թիրախ չի եղել, սակայն հրթիռների կիրառման հետևանքով «զգալի վնաս է հասցվել խաղաղ բնակչությանը, սակայն ռազմական ակնհայտ որևէ առավելություն չի գրանցվել»:

Իրավապաշտպանները քննադատության են ենթարկել բալիստիկ հրթիռների կիրառումը՝ նշելով, որ նույնիսկ եթե հարձակումների թիրախը դարձած վայրերում լինեն ապստամբների մարտիկներ, ապա այս զինատեսակի կիրառմամբ հնարավոր չէ իրականացնել ճշգրիտ թիրախավորում:

Ըստ «Human Rights Watch»-ի, բալիստիկ հրթիռների կիրառումը խաղաղ բնակչության համար «աղետալի հետևանքների» պատճառ է դառնում:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն այս ընթացքում վերահաստատել է ապստամբների նկատմամբ հաղթանակ տանելու իր հանձնառությունը:

Հանդես գալով նախօրեին հեռարձակված ելույթով՝ նա ասել է, թե «ահաբեկչության խնդիրը չի կարող լուծվել քաղաքական միջոցներով», և որ «ահաբեկիչներին անհրաժեշտ է հարվածել երկաթե բռունցքով»:

Սիրիայի կառավարությունը հաճախակի կիրառում է «ահաբեկիչ» տերմինը՝ Ասադին ընդդեմ պայքարող ապստամբներին նկարագրելու համար:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի չդադարող քաղաքացիական պատերազմի հետևանքով, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհվել է 100 հազարից ավելի մարդ, երկրի միլիոնավոր բնակիչներ փախստականներ են դարձել:
XS
SM
MD
LG