Մատչելի հղումներ

Իրավապաշտպանները կոչ են անում ճնշում գործադրել Ալիևի նկատմամբ


«Բացահայտ հեգնանք կարելի է համարել այն հանգամանքը, որ Ադրբեջանը նախագահում այն մարմինը, որի չափանիշներն այսքան կոպտորեն են խախտվում նրա կողմից»

«Եվրոպայի Խորհրդի առաջնորդներն ու Խորհրդարանական վեհաժողովի անդամները պետք է հորդորեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դադարեցնել այդ երկրի կառավարության քննադատների և անկախ կազմակերպությունների հետզհետե թափ հավաքով ճնշումը»:

Այս հայտարարությամբ հանդես է եկել «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը, որը հիշեցնում է, որ վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանի իշխանությունները քրեական անհիմն մեղադրանքներ են ներկայացրել կամ սպառնացել են ներկայացնել ավելի քան 40 քաղաքական ակտիվիստների, լրագրողների, բլոգերների և իրավապաշտպանների նկատմամբ, որոնց հիմնական մասն ազատազրկման մեջ է գտնվում:

Ադրբեջանում տիրող այս իրավիճակը կազմակերպությունը պաշտոնապես ներկայացրել է անցյալ տարվա սեպտեմբերին հրապարակված «Ամրակների ձգումը. Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և այլախոհության դեմ ուղղված բռնությունները» զեկույցում, ինչպես նաև զեկույցի հետևած մեկ տասնյակից ավելի հարցազրույցներում, որտեղ նկարագրվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից քննադատներին լռեցնելու նպատակով օգտագործվող քրեական հետապնդումները, այդ թվում՝ թմրանյութերի և զենքի տիրապետման, բռնությունների հրահրման, խուլիգանության, հարկերի վճարումից խուսափելու և դավաճանության մեղադրանքների ներկայացման միջոցով:

«Բացահայտ հեգնանք կարելի է համարել այն հանգամանքը, որ Ադրբեջանը նախագահում այն մարմինը, որի չափանիշներն այսքան կոպտորեն են խախտվում նրա կողմից», - ասել է «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

«Եվրոպայի Խորհրդի առաջնորդները պետք է բաց չթողնեն հնարավորությունը՝ հորդորելու Ալիևին ազատ արձակել իրենց կարծիքը հայտնելու համար բանտարկված մարդկանց և թույլատրել անկախ կազմակերպություններին գործունեությունը», - նշել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրենը:
XS
SM
MD
LG