Մատչելի հղումներ

Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալվածներն ազատ են արձակվել երկու օր անց


Հրանտ Դինքի ընտանիքի անդամների շահերը ներկայացնող փաստաբանները բազմիցս մտահոգություն են արտահայտել լրագրողի սպանության գործով հետաքննության և դատավարության անցկացման եղանակի կապակցությամբ

Հայազգի լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի հետ առնչություն ունեցող երկու կասկածյալներն ազատ են արձակվել հունվարի 9-ին՝ հարցաքննվելուց հետո, ձերբակալությունից երկու օր անց:

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել էր Հրանտ Դինքի սպանության գործի հետ առնչություն ունեցող երկու կասկածյալներին Տրապիզոնում հունվարի 7-ին՝ Ստամբուլի դատարանի պահանջով:

Ոստիկանության ուժերը Տրապիզոնում ձերբակալել էին Զեյնել Աբիդին Յավուզին, որը եղել է Հրանտ Դինքի սպանության դավադրության ընթացքում լրագրողի սպանությունն իրականացնելու համար ընտրված առաջին անձը:

Յավուզի ձերբակալությունից հետո մի քանի ժամ անց Տրապիզոնում ձերբակալվել էր նաև Օսման Հայալը՝ Դինքի սպանությունը հրահրելու մեջ մեղադրվող Յասին Հայալի եղբայրը:

Ըստ «Հուրիեթ» պարբերականի՝ Հրանտ Դինքի ընտանիքի անդամների շահերը ներկայացնող փաստաբանները բազմիցս մտահոգություն են արտահայտել հայազգի լրագրողի սպանության գործով հետաքննության և դատավարության անցկացման եղանակի կապակցությամբ:

«Դինքի բարեկամներ» խումբը, որին անդամակցում են լրագրողներ, Հրանտ Դինքի մերձավորներն ու ընկերները և բազմաթիվ մտավորականներ, լրագրողի սպանության կազմակերպման մեջ մեղադրում է պետությանը:

Հրանտ Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս» թերթի գրասենյակի մոտ: Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը դատապարվել էր 22 տարվա ազատազրկման:

Անցյալ տարվա սեպտեմբերի 17-ին վերսկսվել էր հայազգի լրագրողի սպանության գործով 18 կասկածյալի կրկնակի վերաքննությունն այն բանից հետո, երբ Թուրքիայի գերագույն վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, որի համաձայն հայազգի լրագրողի սպանության գործով անցնող բոլոր կասկածյալները գործել են ոչ թե որպես անհատներ, այլ քրեական կազմակերպության կազմում:
XS
SM
MD
LG