Մատչելի հղումներ

Հրանտ Դինքի ընտանիքը պետության մասնակցությամբ դավադրության մասին է հայտնել


Հրանտ Դինքի ընտանիքի անդամները և նրանց աջակիցները հերքել են դատական գործի վերանայման համար ընդունված հիմքը՝ պնդելով, որ այս հանցագործության մեջ ներառված է պետական ամբողջ ապարատը

Ազգությամբ հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի վերանայումը, որը մեկնարկել է երեքշաբթի օրը, բողոքի ցույցեր է հրահրել է Ստամբուլի դատարանի մոտ, որի մասնակիցները մեղադրում են Թուրքիայի իշխանություններին պետական ապարատում գործող ազգայնամոլ տարրերի կողմից կազմակերպված դավադրությունը քողարկելու մեջ:

Մոտ 200 ցուցարար հավաքվել էին դատարանի մոտ, որտեղ անցկացվում է ութ ամբաստանյալի դատական գործի վերանայումը: Հրանտ Դինքի սպանության գործի վերանայումը կարգադրվել է վերաքննիչ դատարանի կողմից, որը չեղյալ է հայտարարել այս գործի վերաբերյալ ավելի վաղ կայացված որոշումը, որի համաձայն Դինքին սպանողը գործել էր մենակ: Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման համաձայն, դատարանի առջև բերված ութ ամբաստանյալները մասնակցել են հանցավոր դավադրությանը:

Հրանտ Դինքի ընտանիքի անդամները և նրանց աջակիցները սակայն հերքել են դատական գործի վերանայման համար ընդունված հիմքը՝ պնդելով, որ այս հանցագործության մեջ ներառված է պետական ամբողջ ապարատը, և որ Հրանտ Դինքի սպանությունը ահաբեկչական դավադրություն է:

«Ո՞վ կարող էր արդյունավետ հետաքննել մի այնպիսի սպանություն, որին ներգրավված են պետական բոլոր մարմինները», - լրագրողի ընտանիքի անդամների կողմից հարց է տրվում Թուրքիայում լույս տեսնող հայալեզու «Ակոս» թերթի կայքում երեքշաբթի օրը հրապարակված նամակում, որտեղ նշված է, որ Թուրքիայի դատարանները չեն արձագանքել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարութունը տապալելու «Էրգենեկոն»-ի գործում ներառված անձանց կապը Հրանտ Դինքի սպանության հետ հետաքննելու պահանջներին:

«Մենք՝ Դինք ընտանիքը, ներկա չենք լինելու մարդասպանների վերսկսված դատավարությանը և չենք շահագործվի պետական մեքենայի կողմից, որը ծաղրանքի է ենթարկում մեզ», - ասված է «Ակոս» օրաթերթի կայքում Հրանտ Դինքի ընտանիքի կողմից հրապարակված նամակում:

Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը, որը սպանության ժամանակ 17 տարեկան էր, 2011 թվականին դեռահասների դատարանի կողմից դատապարտվել էր 23 տարվա ազատազրկման: Մարդասպանը սեպտեմբերի 17-ին անցկացված դատավարության ժամանակ հերքել է քրեական որևէ կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքները:

Հայազգի լրագրողի սպանության գործով անցնող Յասին Հայալն անցյալ տարի դատապարտվել էր ցմահ բանտարկության՝ սպանությունը հրահրելու մեղադրանքներով:

Հրանտ Դինքի սպանության գործը վերանայող դատարանի նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 3-ը:
XS
SM
MD
LG