Մատչելի հղումներ

Հայազգի վարորդի մասնակցությամբ պատահարը լուրջ խնդիրներ է բարձրացրել


Հրաչյա Հարությունյանը՝ Ռուսաստանի դատարանի դահլիճի ամբաստանյալների խցում
Հրաչյա Հարությունյանը՝ Ռուսաստանի դատարանի դահլիճի ամբաստանյալների խցում

Ասպարեզ. «Արցախի հերոսամարտի մասնակցի նկատմամբ վերաբերմունքը բարձրացրել է կարևոր հարցեր, որոնք վերաբերում են հայերի նկատմամբ Ռուսաստանում ռասիզմի և այլատյացության դրսևորումներին, ինչպես նաև ստիպել են առավել մեծ ուշադրությամբ ուսումնասիրել Հայաստանը խոցած արտագաղթի և պետության կողմից պատերազմի վետերանների նկատմամբ վերաբերմունքի խնդիրները»

«Արցախի հերոսամարտի մասնակից, 46-ամյա Հրաչյա Հարությունյանը հուլիսի 13-ին աշխատանքի էր դուրս եկել որպես մանրաքար տեղափոխող բեռնատար մեքենայի վարորդ: Մոսկվայի Օզնոբիշինո գյուղի մոտակայքում բեռնատարի անսարքության պատճառով այն բախվել է ավտոբուսի, ինչի հետևանքով զոհվել է 18, վնասվածքներ ստացել՝ 40 մարդ: Այն, ինչ տեղի է ունեցել դրանից հետո, բարձրացրել է կարևոր հարցեր, որոնք վերաբերում են հայերի նկատմամբ Ռուսաստանում ռասիզմի և այլատյացության դրսևորումներին, ինչպես նաև ստիպել են առավել մեծ ուշադրությամբ ուսումնասիրել Հայաստանը խոցած արտագաղթի և պետության կողմից պատերազմի վետերանների նկատմամբ վերաբերմունքի խնդիրները»:

Այս մասին գրում է ամերիկյան «Ասպարեզ» պարբերականը, որը հիշեցնում է, որ վթարից հետո Ռուսաստանի իշխանությունները քրեական հետաքննություն են մեկնարկել Հարությունյանի նկատմամբ՝ մեղադրելով նրան փոխադրամիջոցի օգտագործմամբ մարդասպանություն իրականացնելու մասին:

«Ռուսաստանի պետական և այլ հեռուստաընկերություններն անմիջապես որպես մեղավոր են ներկայացրել Հարությունյանին: Իրավունքի ոլորտի որոշ մասնագետներ և որոշ լրագրողներ սակայն ենթադրություն են արել, որ աղետալի վթարի պատճառ կարող էր դառնալ բեռնատարի տեխնիկական անսարքությունը», - գրում է «Ասպարեզը»՝ նշելով, որ ողբերգության համար հիմնական պատասխանատվությունը կրում է ոչ թե վարորդ Հարությունյանը, այլ բեռնատարի սեփականատերը: Պարբերականը հիշեցնում է նաև, որ Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանի դատարան էր բերվել կանացի խալաթով և հողաթափերով:

«46-ամյա տղամարդը, որը, ըստ էության, դեռևս չէր վերականգնվել հետտրավմատիկ ցնցումից, և այդ իսկ պատճառով չէր կարող որևէ բառ արտաբերել, Ռուսաստանի պետական հեռուստատեսությունը «մռնչոց» է որակել՝ շեշտը դնելով նրա ազգային պատկանելիության վրա»:

Այս պատկերները զայրույթ են առաջացրել Հայաստանում՝ հրահրելով բողոքի ցույցեր և ստիպելով Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին լուրջ մտահոգություններ արտահայտել Ռուսաստանի իր գործընկերոջն ուղղված նամակում:

«Այս ընթացքում Հայաստանի պաշտոնյաները հապճեպ փորձում են հավատացնել հասարակությանը, թե իրենք վերահսկողության տակ են պահում իրավիճակը, իսկ Երևանում Ռուսաստանի դեսպանությունը երաշխավորել է, թե Հարությունյանի նկատմամբ կկիրառվեն դատավարության պատշաճ ընթացակարգեր, և քննադատել է այս միջադեպը քաղաքականացնելու փորձերը», - գրում է «Ասպարեզը», որի հեղինակը նշում է, որ, ըստ զեկույցների, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում որևէ ջանք չի գործադրվել այն ուղղությամբ, որ Հայաստանում ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնք կլինեն եթե ոչ նման, ապա առնվազն մոտ այն պայմաններին, որոնք Հայաստանի քաղաքացիները որոնում են արտերկրում:

«Հրաչյա Հարությունյանը զոհ է գնացել Հայաստանի կառավարության խաթարված քաղաքականությանը, որն ունակ չէ ապահովելու իր քաղաքացիներին պատշաճ աշխատանքով և իրենց սեփական երկրում գոյատևելու հնարավորությամբ: Ավելի է տխրեցնում այն հանգամանքը, որ Ղարաբաղի պատերազմի ընթացքում իրենց երկրի համար պայքարած մարդիկ նույնպես պաշտպանված չեն Հայաստանի կառավարության աղետալի քաղաքականության հետևանքներից», - ասված է ԱՄՆ-ում հրապարակվող «Ասպարեզ» հայկական պարբերականի հեղինակի հոդվածում:
XS
SM
MD
LG