Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է առողջապահության ոլորտում Օբամայի բարեփոխումները չեղյալ հայտարարելու օգտին


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոներ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ. «Առողջապահության ոլորտի բարեփոխումները չափազանց թանկարժեք են և չեն նպաստում աշխատատեղերի ստեղծմանը»

ԱՄՆ-ի հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի օրը քվեարկել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից առողջապահության ոլորտում առաջ քաշվող բարեփոխումները չեղյալ հայտարարելու օգտին:

Քվեարկությունը հիմնականում բաժանվել է կուսակցական պատկանելիությամբ՝ ձայների 244-ը՝ կողմ, 185-ը՝ դեմ հարաբերակցությամբ:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոների համաձայն, «առողջապահության ոլորտի բարեփոխումները չափազանց թանկարժեք են և չեն նպաստում աշխատատեղերի ստեղծմանը»:

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին «ոչ պետքական» է անվանել այս քվեարկությունը, որի արդյունքները գրեթե չունեն դեմոկրատների կողմից վերահսկվող ԱՄՆ-ի Սենատում հավանության արժանանալու հավանականություն:

Քվեարկությունից երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հավանության էր արժանացրել այս օրենքը, որը դարձել է երկրի նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ընթացքում ներքին քաղաքականության ոլորտում նշանակալից ձեռքբերումներից մեկը:

Դատարանի կողմից կայացված որոշման համաձայն, օրենքի հիմնական պահանջներից մեկը, որի համաձայն բոլոր ամերիկացիները պետք է բժշկական ապահովագրություն ունենան կամ տուգանք վճարեն, չի հակասում երկրի սահմանադրությանը:

Հանրապետականները սակայն պնդում են, որ «անհատական մանդատ» կոչվող տուգանքը կհանգեցնի հարկերի ավելացման: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները երեքշաբթի օրը հայտնել է լրագրողներին, որ օրենքը հարկային անհարկի բեռ է դառնալու մասնավորապես փոքր բիզնեսի համար:
XS
SM
MD
LG