Երեքշաբթի օրը ԱՄՆ–ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հանդիպում է գումարել՝ քննարկելու 26 միլիարդ դոլար արժողությամբ օրինագիծ, որի նպատակն է պահպանել ավելի քան 300000 ուսուցիչների, ոստիկանության և պետական այլ ծառայողների աշխատատեղերը, ինչպես նաև օժանդակել երկրի նահանգներին չքավորների համար նախատեսված դաշնային և նահանգային մակարդակով համատեղ իրականացվող «Մեդիքեյդ» առողջապահական ապահովագրության ծրագրով վճարումներ կատարելու գործում:
Կուսակցությունների միջև տեղի ունեցած քննարկումներից հետո օրինագիծն ընդունվել է ձայների 247 կողմ, 161 դեմ հարաբերակցությամբ:
Քվեարկությունից մի քանի ժամ առաջ նախագահ Բարաք Օբաման կոչ էր արել ընդունել օրինագիծը՝ ասելով, որ իր կողմից ստորագրվելուց հետո օրենք դառնալով, այն թույլ կտա մեկ տարվա ընթացքում պահպանել պետական կարևորագույն հատվածների աշխատողների աշխատատեղերը:
Օրինագծով նախատեսվում է նահանգներին հատկացնել 10 միլիարդ դոլար` մոտ 160000 ուսուցիչների աշխատատեղեր պահպանելու համար, ինչպես նաև 16 միլիարդ դոլար՝ «Մեդիքեյդ» առողջապահական ապահովագրության ծրագրով վճարումներ կատարելու համար: Նահանգների իշխանություններին դա հնարավորություն կտա պահպանել ոստիկանության և պետական այլ ծառայողների մոտ 150000 աշխատատեղ:
Բացի այդ, երեքշաբթի օրը ԱՄՆ–ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է սահմանների անվտանգության մասին 600 միլիոն դոլար արժողությամբ օրինագիծ, որի նպատակն է բարձրացնել Մեքսիկայի հետ սահմանում հսկողության և անվտանգության մակարդակը: Սենատը, որն անցած շաբաթ ընդունել է նման օրինագիծ, կշարունակի այդ օրինագծի վրա աշխատանքը հաջորդ ամիս նիստերը վերսկսելուց հետո: