Մատչելի հղումներ

Կայացել է Ֆրանսիայի և Իրանի նախագահների հանդիպումը


Նախագահ Օլանդը պահանջել է, որ Իրանը միջուկային ծրագիրը դադարեցնելու ուղղությամբ հստակ քայլերի դիմի

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դարձել է Արևմուտքի պետությունների առաջին ղեկավարը, որը հանդիպում է ունեցել Իրանի նորանշանակ ղեկավար Հասան Ռոհանիի հետ:

Հանդիպումն անցկացնելուց առաջ պաշտոնական Փարիզը զգուշացրել է, որ Իրանից ակնկալվում են միջուկային ծրագրի իրականացնումը դադարեցնելու մասին վկայող «հստակ քայլեր»:

Ֆրանսիան նախկինում ակտիվորեն կողմ էր հանդես գալիս Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը՝ այս երկիրը միջուկային ծրագրից հրաժարվել ստիպելու նպատակով: Իրանում անցկացված նախագահական ընտրություններում քաղաքական չափավոր գործիչ Ռոհանիի կողմից տարված հաղթանակից հետո սակայն Փարիզն սկսել է զգուշություն ցուցաբերել Իրանի հասցեին արվող հայտարարություններում:

Օլանդի և Ռոհանիի միջև ՄԱԿ-ում անցկացված հանդիպումը պատմական է դարձել, քանի որ երկու պետությունների առաջնորդները ձեռք չեն սեղմել 2005 թվականից: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ունեցած ելույթի ընթացքում Օլանդն այնուամենայնիվ նշել է, որ չնայած Իրանի նոր ղեկավարության հայտարարությունները ոգևորիչ են, սակայն դրանք պետք է հստակ գործողություններով ուղեկցվեն:

«Ֆրանսիան Իրանից ակնկալում է հստակ քայլեր, որոնք ցույց կտան, որ այս երկիրը հրաժարվել է իր ռազմական միջուկային ծրագրից. այնուամենայնիվ ակնհայտ է, որ երկիրն իրավունք ունի զարգացնելու իր քաղաքացիական միջուկային ծրագիրը», - ասել է Օլանդը՝ Իրանի նախագահի հետ հանդիպումից առաջ:

Օլանդի վարչակազմի պաշտոնյաների համաձայն, 40 րոպե տևած հանդիպման հիմնական թեմաներն են դարձել Իրանի միջուկային ծրագիրը, ճգնաժամը Սիրիայում և Լիբանանում, որտեղ Իրանը զգալի ազդեցություն ունի «Հեզբոլլահ» խմբավորման զինյալների վրա:

«Համեմատություն անցկացնելով Իրանի նախորդ վարչակազմի հետ՝ առկա են փոփոխությունների նշաններ, սակայն իրականությունն այնն է, որ առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է հաղթահարել առկա խոչընդոտները», - նշել է Ֆրանսիայի նախագահ Օլանդի վարչակազմի աղբյուրներից մեկը:
XS
SM
MD
LG