Մատչելի հղումներ

Մեկնարկել է պետքարտուղար Քլինթընի այցն Ադրբեջան


ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հունիսի 6-ին մեկնարկել է պաշտոնական այցը Ադրբեջան:

Այցի ընթացքում արտգործնախարար Քլինթընը հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջնորդների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվելու են արցախյան հակամարտության խնդիրը, ինչպես նաև անվտանգության և տարածաշրջանային նշանակություն ունեցող այլ խնդիրներ:

Հիլարի Քլինթընը Ադրբեջան կատարվող այցի ընթացքում ծանոթանալու է նաև «Կասպից ծովի նավթ և գազ» միջազգային 19-րդ ցուցահանդեսի աշխատանքին:

Հիշեցնենք, որ Հայաստան հունիսի 4-ին կատարվող այցի ընթացքում Միացյալ Նահանգների արտգործնախարարը տեղեկացել էր հայ-ադրբեջանական սահմանին այդ օրը տեղի ունեցած սադրանքի մասին, որի պատճառով հայկական կողմից կային զոհեր և վիրավորներ:

ԱՄՆ-ի արտգործնախարարին ուղեկցող «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը Երևանից հաղորդել էր, որ Հիլարի Քլինթընը, արձագանքելով այս տեղեկատվության ասել է, որ «շատ է մտահոգված լարվածության սրմամբ, ինչպես նաև երիտասարդ զինծառայողների և քաղաքացիական անմեղ անձանց անմիտ մահվամբ»:

«Ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անհնար է լուծել, հետևաբար ուժ չպետք է կիրառվի», - նշել էր ԱՄՆ-ի արտգործնախարարը:

XS
SM
MD
LG