Մատչելի հղումներ

Քլինթընը հետաձգել է այցը Եվրոպա` մոր մահվան պատճառով


Արտգործնախարար Հիլարի Քլինթընի մայր Դորոթի Ռոդհեմը, կենտրոնում (արխիվային լուսանկար)
Արտգործնախարար Հիլարի Քլինթընի մայր Դորոթի Ռոդհեմը, կենտրոնում (արխիվային լուսանկար)

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը հետաձգել է այցը Եվրոպա` մոր մահվան պատճառով:

Քլինընը Մեծ Բրիտանիա և Թուրքիա կատարվելիք այցերը հետաձգելու մասին հայտարարությամբ հանդես է եկել երկուշաբթի երեկոյան` պատճառաբանելով իր որոշումը մոր առողջական վիճակի վատթարացմամբ:

Քլինթընների հիմնադրամը հայտնել է Հիլարի Քլինթընի մայր` Դորոթի Ռոդհեմի մահվան մասին երեքշաբթի օրը: Դորոթի Ռոդհեմը կյանքից հեռացել է 92 տարեկան հասակում:

Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը, երկուշաբթի օրը հանդես գալով Վաշինգտոնում ԱՄՆ-Թուրքիա խորհրդի նիստի ժամանակ, ասել է, որ «Թուրքական հրաշքը», որի արդյունքում երկրի տնտեսությունն անցյալ տասը տարիների ընթացքում գրեթե եռապատկվել է, տեղի է ունեցել նոր մրցակցության համար Թուրքիայի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներն ավելի բաց դարձնելու արդյունքում:

Քլինթընը սակայն նշել է, որ Անկարան, որը ցանկանում է նոր սահմանադրություն ընդունել 2012 թվականի առաջին կիսամյակում, պետք է զգուշություն ցուցաբերի` համոզվելու, որ նոր սահմանադրությունում ամրագրված լինեն մարդու իրավունքների հանդեպ հարգանքը և մամուլի ազատության երաշխիքները:

«Թուրքիայի ամբողջ ներուժն իրականացնելու հնարավորությունը կախված է երկրի ներսում ժողովրդավարությունն ամրապնդելուց և հարևան պետությունների հետ խաղաղ հարաբերությունների պահպանումը խթանելուց», - իր խոսում նշել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:

Արտգործնախարար Քլինթընն ասել է, որ Թուրքիայի հզորությունը վերջինիս հնարավորություն է ընձեռում ցուցաբերել «պատասխանատու առաջնորդություն»` կոչ անելով Անկարային աշխատել Իսրայելի հետ` պաղեստինյան տարածքների վերաբերյալ երկու պետությունների քաղաքականության տարբերությունները և անցյալ տարի դեպի Գազայի գոտի ուղևորվող նավի վրա Թուրքիայի ինը քաղաքացու սպանությամբ առաջացրած տարաձայնությունները հաղթահարելու ուղղությամբ:

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը նույնպես դրական քայլ կլինի, և մենք հուսով ենք, որ Թուրքիայի խորհրդարանը ներկայիս նստաշրջանի ընթացքում կվավերացնի երկու պետությունների միջև ստորագրված արձանագրությունները և կբարելավի հարաբերությունները Հայաստանի հետ», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը:

«Հարևանների հետ լարվածության նվազեցումն ու կայունության ամրապնդումն աճի և ազդեցության ավելացման դեղատոմսեր են: Թուրքիայի ղեկավարությունը հասկանում է դա: Սակայն անցյալը հաղթահարելու և Թուրքիային վայել ապագայի արժանանալու համար անհրաժեշտ է կատարել համարձակ ընտրություն և քաղաքական հզոր կամք ունենալ», - ԱՄՆ-Թուրքիա խորհրդի նիստի ժամանակ իր ելույթում նշել է Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը:

XS
SM
MD
LG