Մատչելի հղումներ

«Եվրամիությունը պատրաստ է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ». Հեյգ


«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է որևէ կասկած չունենա, որ Եվրամիությունը պատրաստ է ձեռնարկելու այս քայլերը: Ռուսաստանի նկատմամբ ավելի խորը պատժամիջոցների մշակման ուղղությամբ մանրակրկիտ աշխատանք է տարվել»

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը երկուշաբթի օրը զգուշացրել է Ռուսաստանին, որ Եվրամիությունը պատրաստ է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել վերջինիս նկատմամբ, եթե դաշինքը համարի, որ Կիևի կողմից առաջարկված խաղաղության ծրագրին Մոսկվայի արձագանքն անբավարար է:

Հանդես գալով Լյուքսեմբուրգում Եվրոպական Միության արտգործնախարարների հանդիպումից առաջ՝ արտգործնախարար Հեյգն ասել է, որ 28 անդամ պետություն ունեցող դաշինքի արտգործնախարարները քննարկելու են Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների ընդունումը Բրյուսելում ուրբաթ օրը կայանալիք գագաթաժողովի ընթացքում:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է որևէ կասկած չունենա, որ Եվրամիությունը պատրաստ է ձեռնարկելու այս քայլերը: Ռուսաստանի նկատմամբ ավելի խորը պատժամիջոցների մշակման ուղղությամբ մանրակրկիտ աշխատանք է տարվել», - լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:

«Մինչև այս ուրբաթ արդեն հասկանալի կլինի, թե ինչպես է Ռուսաստանն արձագանքում խաղաղության ծրագրին», - նշել է արտգործնախարար Հեյգը:

Միացյալ Նահանգներն արդեն իսկ սպառնացել է պատժամիջոցներ ձեռնարկել Ռուսաստանի ֆինանսական, պաշտպանության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների նկատմամբ՝ այդ երկրից դեպի Ուկրաինայի տարածք զենքի և զինյալների հոսքը չդադարեցնելու պատճառով:

ԱՄՆ-ը, բացի այդ, ակտիվացրել է բանակցությունները Եվրոպական Միության հետ՝ նման միջոցների ձեռնարկման ուղղությամբ:

«Գաղափարն այս դեպքում կայանում է նրանում, որ Ռուսաստանին չեն տրամադրվելու այն ներդրումներն ու հաջորդ սերնդի տեխնոլոգիաները, որոնք անհրաժեշտ են՝ վերջինիս տնտեսական աճը շարունակելու համար», - ասել է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
XS
SM
MD
LG