Մատչելի հղումներ

«ԱՄՆ-ը պատրաստ է Սիրիայի ուղղությամբ ցանկացած հարված հասցնելուն»


ԱՄՆ-ը և Արևմուտքի այլ տերություններ նախատեսում են սահմանափակ և թիրախավորված արձագանք իրականացնել Դամասկոսի կողմից քիմիական զենքի ենթադրյալ կիրառման՝ «պատժելու համար Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին»

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելն ասել է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը պատրաստ են գործելու, եթե ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման որոշում կայացնի վրեժխնդիր լինել Սիրիայի վարչակարգի նկատմամբ՝ քիմիական զենքի ենթադրյալ կիրառման համար:

«Բի-Բի-Սի» լրատվական գործակալությանը երեքշաբթի օրը տված հարցազրույցում Հեյգելն ասել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերի մարտական տեխնիկան տեղափոխվել է հաշվարկային դիրքեր և կարող է «համապատասխան գործողություններ իրականացնել»՝ նախագահ Օբամայի կողմից պատշաճ համարվող ցանկացած տարբերակի դեպքում:

Հաղորդագրությունների համաձայն, Միացյալ Նահանգները և Արևմուտքի այլ տերություններ նախատեսում են սահմանափակ և թիրախավորված արձագանք իրականացնել Դամասկոսի կողմից քիմիական զենքի ենթադրյալ կիրառման՝ «պատժելու համար Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին»:

Մեծ Բրիտանիան իր հերթին նույնպես պատրաստվում է Սիրիայի ուղղությամբ ռազմական հնարավոր գործողությունների իրականացման ծրագրեր:

Միացյալ Նահանգները հետաձգել է Ռուսաստանի պաշտոնյաների հետ Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկելուն նվիրված հանդիպումը, որը պետք է անցկացվեր Հաագայում այս շաբաթվա վերջին:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը երկուշաբթի ուշ երեկոյան ասել է, որ Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով բանակցությունների հետաձգումն իրականացվել է այս երկրում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրություններին արձագանքի վերաբերյալ «շարունակվող խորհրդակցությունների» լույսի ներքո:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը, արձագանքելով բանակցությունները հետաձգելու մասին ամերիկյան կողմի որոշման, նշել է, որ Ռուսաստանն ափսոսանք է արտահայտել ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ:
XS
SM
MD
LG