Մատչելի հղումներ

Ծոց արտանետված նավթը` հազարավոր կենդանիների մահվան պատճառ


Նավթի արտանետումից հետո Մեքսիկայի ծոցում փրկարարները հազարավոր թռչուններ, կրիաներ և դելֆիններ են փրկել:

Նավթի արտանետումից հետո Մեքսիկայի ծոցում փրկարարները հազարավոր թռչուններ, կրիաներ և դելֆիններ են փրկել, սակայն շատերը ծանր վիճակում են և շատերին էլ փրկել չի հաջողվել:

Օկեանայի պահպանման կազմակերպության խոսքերով` ապրիլի 20-ից` արտանետման առաջին օրերից հետո ավելի քան 300 կրիա է հայտնաբերվել մահացած կամ վնասված: Նյու Օրլեանում գտնվող Ամերիկաների Օուդուբոն ակվարիումի աշխատակից Ջոն Հյուիթն ասում է, որ նրանք կարողացել են փրկել և վերականգնել միայն 16 կրիայի:

Մեքսիկական ծոցում բույն դնող ծովային կրիաների հինգ տեսակից երեքն այժմ վտանգված են:

Ըստ Հյուիթի` տուժել են նաև շշանման քթով դելֆինները, որոնցից տասը ներկայումս բուժվում են ակվարիումում: Նա մտահոգված է նաև Ֆլորիդայի ծոցում ծովակովերի ճակատագրով:

Հսկայական թվով թռչուններ են սատկում: Ծոցում գտնվող կղզիները ապաստան են դարձել գրեթե 3400 թռչունների համար: Ֆորթ Ուեյն կենդանաբանական այգու անասնաբույժ Ջո Սմիթի կարծիքով իրավիճակը կարող է ավելի վատթարանալ:

“Լուիզիանայի ափամերձ տարածքները գրեթե 1.8 միլիոն չվող ջրային թռչունների բնակավայր է: Գարնանը և աշնանը չվող թռչունները միառժամանակ կանգ են առնում կղզիներում”, - ասում է նա:

Ըստ Սմիթի` փրկարարները բուժել են ավելի քան հազար թռչուն, դրանցից կեսը մահացել են: Մեկ թռչուն մաքրելու համար մեկ ժամ է պահանջվում:

Սմիթը լրագրողներին հայտնել է, որ շատ կենդանիներ այլևս ամբողջովին չեն վերականգնվի և կտեղաբաշխվեն կենդանաբանական այգիներում:

“Նավթի երկարատև հետևանքներից է իմունիտետի զսպումը, ինչի հետևանքով թռչունները զգայուն են դառնում տարբեր վարակների և հիվանդությունների հանդեպ: Երկարաժամկետ կտրվածքով հայտնի չէ, թե որքանն են կենդանի մնում և կարողանում վերականգնվել”,-ասում է նա:

Նավթը սպառնում է նաև Լուիզիանայի ճահճուտներին, որտեղ բնակվող հարյուրավոր օրգանիզմներ տարբեր ձկների և կենդանիների սնունդ են: Նավթի հետքեր են գտնվել ճահիճներից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Այս ճահճուտներն արդյունավետ են շատ օրգանիզմների կյանքի սկզբնական շրջանում: Սա նշանակում է, որ այս ճահճուտների ազդեցությունը վայրի կենդանիների համար աղետալի և երկարաժամկետ կլինի”:

Ծոցի ջրերում, որտեղ ամեն օր նավթի տասնյակ հազարավոր բարել է արտանետվում, մահանում են նաև ծովային մարջանները: Դրանցից մի քանիսը չորս հազար տարվա հնություն ունեն: Հայտնի չէ, թե ԱՄՆ-ի պատմության մեջ ամենադաժան բնապահպանական այս աղետն ինչ ազդեցություն կունենա նրանց վրա:

XS
SM
MD
LG