Մատչելի հղումներ

«Գրինփիս»-ի ակտիվիստները ներխուժել են Ֆրանսիայի ատոմակայաններից մեկի տարածք


«Գրինփիս»-ի ակտիվիստները ներխուժել են Ֆրանսիայի ատոմակայաններից մեկի տարածք
«Գրինփիս»-ի ակտիվիստները ներխուժել են Ֆրանսիայի ատոմակայաններից մեկի տարածք

Բնապահպանական «Գրինփիս» կազմակերպության ակտիվիստները ներխուժել են Փարիզի մոտակայքում գտնվող ատոմակայաններից մեկը՝ փորձելով ուշադրություն հրավիրել Ֆրանսիայի ատոմային էներգետիկայի հաստատությունների խոցելիության վրա:

«Գրինփիս»-ի ակտիվիստները երկուշաբթի օրը փորձել են ներխուժել մի քանի ատոմակայան, սակայն իրենց հաջողվել է ներթափանցել միայն Նոժար-սյուր-Սեն բնակավայրում գտնվող ատոմակայանի տարածքը:

«Գրինփիս»-ի քաղաքականության գծով պատասխանատուի համաձայն, ատոմակայանի տարածք ներթափանցելն այդքան էլ դժվար չէր:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին «անպատասխանատու» է անվանել ակտիվիստների գործողությունները, քանի որ ակտիվիստները վտանգի տակ են դրել սեփական կյանքը: Երկրի իշխանությունները սակայն խոստացել են մանրամասն հետաքննություն անցկացնել՝ ասելով, որ ակտիվիստների գործողությունների միջոցով երես են հանվել անվտանգության համակարգի որոշ թերություններ:

Ատոմակայանը շահագործող ֆրանսիական էներգետիկական ընկերության պաշտոնատար անձինք նշել են, որ տեղյակ են եղել ակտիվիստների ներխուժելու մասին, սակայն քանի որ վերջիններս եղել են անզեն և խաղաղ նպատակներ են հետապնդել, որոշում է ընդունվել վերջիններիս նկատմամբ որևէ գործողություններ չձեռնարկել՝ հավելելով, որ ատոմակայանը որևէ պահի վտանգված չի եղել:

Ֆրանսիական ռադիոընկերություններից մեկին տված իր հարցազրույցում սակայն «Գրինփիս»-ի միջուկային գծով փորձագետն ասել է, որ ակտիվիստների ներխուժման միջոցով բացահայտվել է ոչ միայն երկրի ատոմակայանների շուրջ ստեղծված անվտանգության համակարգի, այլև իշխանությունների կողմից ատոմակայաններում անցկացվող «սթրես-փորձարկումների» թերությունները: Բնապահպանական կազմակերպության փորձագետի համաձայն, նման փորձարկումների ընթացքում հաշվի չի առնվում ահաբեկչական հարձակումների նման մարդածին վտանգների հնարավորությունը:

XS
SM
MD
LG