Մատչելի հղումներ

Հունաստանում համընդհանուր գործադուլ է սկսվել


Երկրի խորհրդարանում քննարկվում է ֆինանսական խնայողության խիստ նոր միջոցներ ընդունելու հնարավորությունը

Հունաստանում սկսվել է պետական աշխատողների 48-ժամյա գործադուլը, որն անցյալ վեց շաբաթվա ընթացքում անցկացվում է արդեն երրորդ անգամ:

Երկրում երեքշաբթի և չորեքշաբթի օրերին դադարեցնելու են իրենց աշխատանքը հասարակական տրանսպորտը, գնացքները և նավերի անձնակազմը: Օդային երթևեկությունը կարգավորող դիսպետչերների գործադուլի պատճառով դադարեցվել են բազմաթիվ չվերթներ: Դադարեցվել է դպրոցների և կառավարական գրասենյակների աշխատանքը, իսկ հիվանդանոցներն ընդունում են միայն անհետաձգելի օգնության կարիք ունեցող հիվանդներին:

Հունաստանի խորհրդարանում այս ընթացքում մեկնարկել է ֆինանսական խնայողության խիստ նոր միջոցների, այդ թվում՝ պետական ծախսերի, նպաստների և կենսաթոշակների կրճատման հնարավորության քննարկումը: Օրենսդիրները 17 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով կրճատումների շուրջ քվեարկությունը պետք է անցկացնեն չորեքշաբթի օրը, և եթե խորհրդարանը չընդունի նախատեսված խնայողությունների փաթեթը, ապա Հունաստանի ֆինանսական միջոցները կսպառվեն այս ամսվա կեսին:

Վարչապետ Անտոնիս Սամարասի համաձայն, եթե խորհրդարանը չընդունի նախատեսված միջոցները, ապա երկիրը կարող է ստիպված լինել լքելու եվրոյի գոտին:

Հունաստանում արդեն հինգ տարի շարունակվում է տնտեսական անկումը: Երկրում առանց աշխատանքի է մնում աշխատունակ բնակչության գրեթե մեկ քառորդը:
XS
SM
MD
LG