Մատչելի հղումներ

Համընդհանուր գործադուլ Հունաստանում՝ ընդդեմ ֆինանսական խնայողության միջոցների


Երկրի մայրաքաղաք Աթենքի փողոցներ են դուրս բերվել ոստիկանության ուժերը՝ կանխելու հնարավոր խռովությունները

Հունաստանի աշխատավորները դուրս են եկել համընդհանուր, 24 ժամ տևողությամբ գործադուլի՝ արտահայտելու իրենց բողոքը երկրի կառավարության կողմից ընդունված ֆինանսական խիստ խնայողության վերջին միջոցառումների դեմ:

Հազարավոր աշխատողներ չորեքշաբթի օրը լքեր են իրենց աշխատատեղերը, ինչի պատճառով փակվել են դպրոցները, խանութները, բնակչությանը ծառայություններ մատուցող ձեռնարկությունները, դադարեցվել են բազմաթիվ ավիաթռիչքներ:

Երկրի մայրաքաղաք Աթենքի փողոցներ են դուրս բերվել ոստիկանության ուժերը՝ կանխելու հնարավոր խռովությունները ցուցարարների կողմից դեպի Հունաստանի խորհրդարան կայանալիք երթի ընթացքում:

Միջազգային վարկատուների պահանջների համաձայն, գալիք երկու տարվա ընթացքում Հունաստանը պարտավոր է 15 միլիարդ դոլարով կրճատել պետական բյուջեից կատարվող ծախսերը՝ միջազգային օգնության հաջորդ փուլը ստանալու համար:

Սպասվում է, որ կրճատումների հիմնական մասը կկատարվի աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների չափի կրճատման հաշվին:
XS
SM
MD
LG