Մատչելի հղումներ

Հունաստանը Մեծ Բրիտանիային է փոխանցել օլիմպիական կրակը


Մեծ Բրիտանիայի պաշտոնյաների համաձայն, Լոնդոնում 2012 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերի կրակն ուրբաթ օրը Հունաստանից փոխադրվելու է Մեծ Բրիտանիա:

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում չորեքշաբթի օրն անցկացված արարողության ընթացքում օլիմպիական կրակով ջահը փոխանցվել է Մեծ Բրիտանիայի արքայադուստր Էննին, որը ժամանակին Օլիմպիական խաղերի մասնակից է եղել:

Արարողությանը մասնակցել են Մեծ Բրիտանիայից ժամանած բարձրաստիճան հյուրերը, որոնց թվում էր նաև ֆուտբոլի աստղ Դեյվիդ Բեքհեմը:

Լոնդոնի Օլիմպիական խաղերի նախագահ Սեբաստյան Քոունի համաձայն, խաղերի անցկացման երկիր օլիմպիական կրակի ժամանումը «մրցապայքարը մեկնարկելու շեփորի ձայն» կդառնա խաղերի մասնակից ավելի քան 200 երկրների մարզիկների համար:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ծննդվայր Հունաստանում անցյալ շաբաթ բոցավառվեց այս տարի Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի կրակը:

Մեծ Բրիտանիա ուղարկելուց առաջ Հունաստանում յոթ օրվա ընթացքում անցկացվել է հայելու միջոցով արևի ճառագայթներից ստացած կրակի փոխանցումավազքը:

Մեծ Բրիտանիա օլիմպիական կրակը բերելուց հետո այնտեղ կմեկնարկի 70 օր շարունակվող փոխանցումավազքը, որի երկթուղին, անցնելով երկրի ավելի քան մեկ հազար բնակավայրով, կկազմի 13 հազար կիլոմետր:

Օլիմպիական կրակը կժամանի Լոնդոնի օլիմպիական մարզադաշտ և կբոցավառվի խաղերի բացման օրը` հուլիսի 27-ին:

XS
SM
MD
LG