Եվրամիությունը փորձելու է օգնություն տրամադրել Հունաստանին` Թուրքիայի հետ երկրի սահմանագծի երկայնքով ապօրինի ներգաղթը վերահսկելու գործում:
Եվրոպական Հանձնաժողովը կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այն առաջին անգամ գործարկելու է սահմանի վերահսկման խմբեր` Թուրքիայի տարածքից Հունաստան մուտք գործելու համար երրորդ երկրների քաղաքացիների հետզհետե աճող թվի մուտքը կանխելու համար:
ԵՄ-ի ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալսթրեմի համաձայն, իրավիճակը «գնալով ավելի մեծ անհանգստություն է պատճառում», և Հունաստանը միայնակ չի կարող դիմակայել դրան:
Նա ավելացրել է նաև, որ «շատ է մտահոգված» հումանիտար իրավիճակով:
ԵՄ-ի սահմանի վերահսկման խմբերը ստեղծվել են 2007 թվականին, որպեսզի օգնություն տրամադրեն այն երկրներին, ուր զանազան եղանակներով փորձում են ներխուժել մեծ թվով օտարերկրացիներ: