Մատչելի հղումներ

«Կանաչ աղբ»՝ ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոտ քաղաքում


«Միացյալ Նահանգների կանաչ պատմություններ» հաղորդաշարն այցելել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոտ քաղաք, որտեղ հանդիպել է կանաչ գործով զբաղվող մեքենաների:

Երկու ռոբոտային աչք ունեցող փոքրիկ արկղն օգնում է Հյուսիսային Կարոլինայի Շարլոտ քաղաքում աղբ վերամշակել:

Վերամշակման ոլորտում բոլոր տեսակի շշերը աշխատողները ձեռքով են առանձնացնում, սակայն այս գործարանում խելացի և արդյունավետ օպտիկական սարքերը կարող են ամեն ամիս լրացուցիչ 36 տոննա պլաստմասե իր վերամշակել: Համակարգչին միացված այս օպտիկական զննող աչքերը աղբն առանձնացնում են ըստ տեսակների:

Աշխատանքի կառավարիչ Դեյվիդ Լենքը բացատրում է, որ լրիվ նոր օպտիկական սարքերն օգնում են տեսակավորել շշերը:

«Անցած տարի ավելի քան 60,000 տոննա նյութ ենք վերամշակել, որոնք կարող էին հայտնվել աղբավայրում: Այստեղ մենք առանձնացնում ենք բաղադրիչները, որոնք օգտագործվում են նոր նյութի արտադրության կամ այնպիսի ապրանքների արտադրության համար, որոնք այս գործարանում վերամշակված նյութ են պարունակում: Ստանում ենք թուղթ, մանրաթել, ամսագրեր, ստվարաթուղթ, տուփեր, ամեն տեսակի տարաներ, ալյումին, պլաստիկ, ապակի, նույնիսկ մետաղյա տարաներ, և այդ նյութերը աղբավայրում հայտնվելու փոխարեն վերամշակվում են և վերօգտագործվում են թե՛ արտասահմանում, և թե՛ ամբողջ երկրում», - ասում է Դեյվիդ Լենքը:

Գործարան բերված վերամշակվող նյութը տեսակավորվում և շուկայահանվում է։

Օդի ճնշմամբ առանձնացվում են շշերը՝ դրանք հոսքագծից դուրս նետելով տակառի մեջ և առանձնացնելով մնացած աղբից:

«Եթե մտածեք, թե քանի տոննա նյութ է ամեն տարի գնում աղբավայր, ինչպես նաև այն փաստի մասին, որ մենք ամեն տարի կարող ենք առանձնացնել և վերամշակել ավելի քան 60000 տոննա նյութ, ինչպես նաև եկամուտ ստեղծել, որը մասամբ վճարում է վերամշակման ծախսերը, ապա այս ամենը շահեկան է շրջակա միջավայրի տեսանկյունից, քաղաքացիների համար և երկրի համար ընդհանուր առմամբ», - ասում է Դեյվիդը:

Այս յոթ քառակուսի կիլոմետր տարածքում ամեն օր տեսակավորված աղբի հսկայական կույտը վերածվում է նոր նյութի: Ապա դրանք փաթեթավորվում են և վաճառվում դրանք վերաօգտագործող ընկերություններին:

Քանակի բարձր ցուցանիշի, նաև որակյալ վերջնական արտադրանքի շնորհիվ Շարլոտի վերամշակման ծրագիրը երկրի լավագույն հինգ ծրագրերից մեկն է:

«Գուցե շատերն են կարծում, որ վերամշակելը և աղբը առանձնացնելը լավ գաղափար է, սակայն երբ տեսնում են, թե ուր է գնում այդ նյութը, ինչ է պատահում դրա հետ և այն օգուտը, որ տալիս է բնական պաշարներին՝ էներգիայի և ջրի օգտագործմանը, ապա այդ ամենը լրացուցիչ իմաստ է ստանում», - ասում է աշխատանքի կառավարիչ Դեյվիդ Լենքը:
XS
SM
MD
LG