Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան հանրաքվե է անցկացնելու ԵՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ


Անցյալ տարին բազմաթիվ փորձությունների առաջ կանգնացրեց Եվրոպական Միությանը՝ Հյուսիսային Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից ներգաղթյալների նոր ալիքից սկսած, մինչև՝ Հունաստանի պարտքի ճգնաժամը: Եվ հորիզոնում այսօր առկայծում է մի նոր ճգնաժամ՝ կապված Եվրամիությունից Բրիտանիայի հնարավոր ելքի հետ:

Վարչապետ Դեյվիդ Քեմերոնը դեռեւս իր ընտրարշավի ժամանակ էր շեշտը դնում Եվրամիությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու հարցով հանրաքվե անցկացնելու վրա։ ԲիԲիՍի-ին տրված վերջին հարցազրույցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Օբաման այս մասին շատ պարզ է արտահայտվել. «Եվրամիության կազմում Միացյալ Թագավորության ներկայությունն ավելի մեծ վստահություն է ապահովում Եվրամիության համար»:

Նիգել Ֆարաջը ծայրահեղ աջ Անկախություն կուսակացության ղեկավարն է: Նա համաձայն չէ Օբամայի այս տեսակետին. «Եթե Բրիտանիան մնա ԵՄ-ի կազմում, այն ավելի շատ կշղթայվի եվրոպական արտաքին քաղաքականությամբ և ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակից մնալու ունակությունը կկրճատվի: Եվրամիությունից անկախանալու դեպքում Մեծ Բրիտանիան ավելի մեծ հնարավորություններ կունենա՝ ԱՄՆ-ի լավագույն բարեկամը մնալու համար»:

Սակայն Վաշինգտոնում գործող եվրոպական հարցերով Ատլանտյան խորհրդի մասնագետ Ֆրան Բըրուելի կարծիքով, Մեծ Բրիտանիան ավելի արդյունավետ դաշնակից է ԵՄ-ի կազմում. «Կարծում եմ Մեծ Բրիտանիան ավելի ազդեցիկ է, երբ այն իր ուղղորդիչ դերն ունի Եվրամիության կազմում։ Լոնդոնը մեծ դերակատարություն ունի ԵՄ-ի արտաքին ու անվտանգության քաղաքականության կողմնորոշման մեջ»:

Եվրամիությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու կողմնակիցների թիվը աճում է: Միացյալ Թագավորության Անկախություն կուսակցությունը վերջին ընտրություններին ավելի քան 4 միլիոն ձայն է ստացել: Ըստ Եվրոպական Խորհրդարանի անդամ Ռոջեր Հելմերի՝ Հունաստանի ճգնաժամը ցուցադրեց, որ տարատեսակ մշակույթների ու տնտեսությունների միությունը ուղղակի չի գործում. «Մենք տեսնում ենք, որ Հունաստանը վերածվել է երրորդ աշխարհի երկրի: Դրանում պետք է մեղադրել միասնական դրամային միջոց մտցնողներին»:

Ադրիանո Բոսոնին եվրոպական Ստրատֆոր աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնի մասնագետ է: Ըստ նրա՝ Լոնդոնը ռազմավարական շահ ունի՝ ԵՄ-ի կազմում մնալու ու մայրցամաքային հարցերը որոշելու գործում. «Դա կարող է լինել կամ լիիրավ անդամության, կամ՝ պայմանագրային հիմունքներով, որը թույլ կտա Բրիտանիային մնալ ազատ առևտրի գոտում: Քամերոնը խոստացել է անցկացնել հանրաքվեն մինչև 2017 թ-ը:

XS
SM
MD
LG